Ֆիլմադիտման նոր մշակույթ է առաջարկվում (տեսանյութ)
Տեղի ունեցավ «Ֆրեսկո» արդի արվեստի եւ հոգեւոր ֆիլմերի միջազգային փառատոնի շնորհանդես-ասուլիսը։ Կազմակերպիչները նշում են, որ ներկայումս մասնակցության հայտ է ներկայացրել շուրջ 300 ֆիլմ՝ 25 տարբեր երկրներից։ Հայաստանից եղել է 30 հայտ։ Փառատոնը տեւելու է 10 օր, լինելու է Երեւանում եւ մարզերում՝ տեղեկացրեց փառատոնի նախագահ Շահեն Նազարենկոն։ Կազմակերպիչներն առաջարկում են կինոփառատոնի նոր ձեւաչափ։ «Այն Հայաստանում կստեղծի ֆիլմադիտման հանրային նոր մշակույթ՝ լինելու են միաժամանակյա թարգմանություններ, դիտումից հետո՝ քննարկումներ, սրահները հարմարեցված կլինեն տեղաշարժման խնդիրներ ունեցողներին»,- ասաց Շահեն Նազարենկոն։ Որպես փառատոնի խորհրդանիշ ընտրվել է ձկան պատկերը. «Ձուկը քրիստոնեական արժեքների խորհրդանիշն է, մեր նպատակն է ամեն կերպ աջակցել հոգեւոր մշակույթի զարգացմանը, ինչի բացը մենք տեսնում ենք այսօր Հայաստանում»,- հավելեց փառատոնի հոգեւոր պատասխանատու Տեր Եսայի քահանա Արթենյանը։