Գավառի մանկատան կորած երեխան եղբոր մոտ է. մանկատան տնօրեն
Այսօր ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ապրիլի 1-ին Գավառի մանկատան սան, 2000 թ. ծնված Արևշատ Զախարյանն ինքնակամ լքել է մանկատունն ու անհայտ կորել: Մինչդեռ Գավառի մանկատան տնօրեն Նիկոլայ Նալբանդյանի տեղեկացմամբ` եղբայրն է նրան թաքցրել. «Երեխան 3 ամիս ա, որ մեր մոտ ա գտնվում, դպրոցական գարնանային արձակուրդների ժամանակ եղբայրը եկավ, մեկ շաբաթով նրան տարավ, բայց հետո խոստացած ժամկետում բերել էր երեխային մանկատուն, 5 օր հետո երեխան լքեց մանկատունը` եղբայրն է նրա վրա ազդել»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշեց Գավառի մանկատան տնօրենը: Նիկոլայ Նալբանդյանի խոսքով` ինքն Արևշատի ընկերներից տեղեկացել է, որ նա ստացել է եղբոր համաձայնությունը ու լքել մանկատունը: «Եղբոր մոտ ա ուղղակի, ինքն էլ ազատություն սիրող երեխա էր, դրա համար էլ ազդեցության տակ ընկավ, գնաց, եղբայրն էլ 4 ամիս առաջ է բանտից դուրս եկել»,-նշեց Նալբանդյանը: Տնօրենը նաև հայտնեց, որ 14-ամյա Արևշատը լռակյաց, ինքնամփոփ երեխա էր և դժվարությամբ էր դպրոց հաճախում: «Ապրիլի 1-ի երեկոյան խոսել եմ եղբոր հետ, ասաց, որ վաղը երեխային կվերադարձնի մանկատուն, ներողություն էլ խնդրեց: Մյուս օրը մինչև ժամը 2-ը սպասեցի, չեկան: Գնացի Հրազդան, իմացա, որ արդեն գնացել են` ում տանը, որ գիշերել էին, նրանք էլ ասացին, որ ասել են, թե գնում են մանկատուն: Փաստորեն ստացվեց, որ խաբեցին ինձ»,-պատմում է մանկատան տնօրենը: Նիկոլայ Նալբանդյանի փոխանցմամբ` նման մի դեպք էլ մանկատանը գրանցվել է 4 տարի առաջ: