Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչ խոսակցություն տանել ՀՀԿ-ի հետ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
1b8559dfe7ba25f399e087ce9ba7fc72

Հանրապետականում կողմնակից են, որպեսզի ԲՀԿ-ն ու ՀԱԿ-ը իրենց հետ մասնակցեն կառավարության աշխատանքներին: Այդ դեպքում ի՞նչ իմաստ ունի Հանրապետականի մեծամասնություն լինելը Ազգային ժողովում: ՀՀԿ-ական Կարինե Աճեմյանն ասում է` մենք չենք ուզում մեր ծրագրերը պարտադրել, թեպետ կարող ենք նաեւ առանց մյուս ուժերի. «Կարող ենք, բայց չենք ուզում միայնակ իրականացնել, որովհետեւ այնուամենայնիվ այդ ուժերն իրենց հետեւից տանում են մարդկանց, հավաքել են որոշակի խմբեր, մարդկանց»: Գալուստ Սահակյանը վստահ է, որ քառյակի քաղաքական աշխուժացումը եւ վարչապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի հրաժարականին չեն հանգեցնի. «Ինչ իշխա… արդեն ծիծաղելի է, իշխանափոխություն, չգիտեմ ինչ»: Պարոն Սահակյանը համաձայն չէ, որ վարչապետի նշանակումը չեղյալ է համարվել, երբ իմացել են, որ Տեր-Պետրոսյանը Ծառուկյանը եւ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպել են՝ ներքաղաքական նոր իրավիճակը քննարկելու հարցով. «Մենք ընդհանրապես տեղյակ էլ չենք եղել, որ պիտի հանդիպեն կամ չհանդիպեն»: Ինչ էլ որ երեք առաջնորդները պայմանավորված լինեն, նրանք չպետք է մտածեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելու մասին՝ Գալուստ Սահակյանը դա թույլ չի տա. «Նման խոսակցություններ մեզ հետ չի կարելի անել էս պահին»: Հանրապետական պատգամավորը շտապում է ավելացնել, որ Սերժ Սարգսյանի հետ ԲՀԿ-ի եւ Դաշնակցության հանդիպումները շատ կառուցողական են եղել. «Խոսքը չի վերաբերում այս պահին կոալիցիայի հետ, բայց ինչ-որ չափի համաձայնություններ կլինեն»: Նրանց կոալիցիա հրավիրելը ՀՀԿ-ի համար խաղ ու պար է, ավելին, իրենք չեն ուշաթափվում այն մտքից, որ վարչապետն անպայման պետք է լինի հանրապետական. «Բայց դա լինում է, երբ կոալիցիա է լինում»: ՀՀԿ-ում արդեն սպասում են, թե երբ պատրաստ կլինեն ԲՀԿ-ի եւ Դաշնակցության ծրագրերը, որպեսզի նստեն ու քննարկեն, բայց այնպես չէ, որ ուրիշների ծրագրերի կարիքն ունեն. «Քաղաքական տեսակետից խնդիրները առաջ տանելու համար ինքը՝ միայնակ հանրապետականը, այսօր բավարար է, պարզապես մենք ուզում ենք մասնակից դառնան ընդհանուր ծրագրերի իրագործմանը»: Դաշնակցական Աղվան Վարդանյանն ասում է` արդեն ներկայացրել են իրենց ծրագրերը, հիմա դրանք Սերժ Սարգսյանը շատ ուշադիր ուսումնասիրում է. «Անձնավորված հարց բացարձակապես չենք քննարկել հանրապետության նախագահի հետ, կոալիցիա մտնել-չմտնելու հարց չենք քննարկել»: Վարչապետի թեկնածուի մասին, այնուամենայնիվ, Սերժ Սարգսյանը դաշնակցականներին հարցրել է` ի՞նչ եք մտածում։ «Մենք ասել ենք` պարոն նախագահ, մեզ համար անձը որեւէ նշանակություն չունի, դուք եք որոշողը, մեծամասնությունն է որոշողը»,- ասում է Աղվան Վարդանյանը: Ի դեպ, դաշնակցական պատգամավորը տեղեկացրեց, թե ինչու դաշնակցությունը երեկ ներկա չէր ընդդիմադիր երեք առաջնորդների հանդիպմանը: Ըստ Աղվան Վարդանյանի, իրենք գիտեին, որ մյուս երեք հանդիպելու են, եւ նախապես տեղեկացրել էին, որ ներկա չեն լինելու. «Բնականաբար խոսում էին այսօրվա իրավիճակի մասին, որը մենք միշտ խոսում ենք, որեւէ նոր բան այդ հանդիպումը չէր ավելացնելու»: