A
A
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ
Մոսկվայում
Ապրիլի 24-ին Մոսկվայի Հայ առաքելական եկեղեցու վանական համալիրի տարածքում գտնվող խաչքարի մոտ տեղի ունեցավ ծաղիկների և ծաղկեպսակների տեղադրման արարողությունն` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: Արարողությանը մասնակցեցին ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, Նոր Նախիջևանի և Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ, Գերաշհորհ Տեր Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը, ՌԴ պետական մարմինների ներկայացուցիչներ, Ռուսաստանի հայերի միության ղեկավար մարմնի անդամներ, մոսկովյան բուհերի հայ ուսանողներ ու մոսկվաբնակ հայեր: Ծաղկեպսակների և ծաղիկների տեղադրման արարողությունից հետո Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվեց 1915թ.-ի կոտորածներին զոհ դարձած 1.5 միլիոն անմեղ հայերի հիշատակին նվիրված հոգեհանգիստը` Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի առաջնորդությամբ:
---------------------------------------------------------
Իսպանիայում
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքը Իսպանիայում մեկնարկեց ապրիլի 22-ին Մադրիդում:
«Կասա դե Կանտաբրիա» մշակութային համալիրի սրահում տեղի ունեցավ «Անլռելի զանգակատուն. Հայաստան 1915-1918» խորագրով Մեծ եղեռնը վավերագրած լուսանկարների ցուցահանդեսի բացումը և Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված արարողությունը, որին ներկա գտնվեցին բազմաթիվ պաշտոնյա անձիք, օտարերկրյա դիվանագետներ, հասարակական գործիչներ, համալսարանների դասախոսներ, հայ և ազգային այլ փոքրամասնությունները ներկայացնող համայնքային կառույցների ներկայացուցիչներ, հոգևորականներ:
Բանախոսեցին իսպանացի նշանավոր գրող, լրագրող, հրապարակախոս, հայազգի մեծ բարեկամ Խոսե Անտոնիո Գուռիարանը, «Մադրիդի հայեր» ասոցիացիայի ղեկավար Կարեն Մարդանյանը, Իսպանիայում ՀՀ գործերի հավատարմատար Խորեն Տերտերյանը, որն իր խոսքում վստահություն հայտնեց, որ հեռու չէ այն օրը, երբ Իսպանիան, ժողովրդավարության սկզբունքներին և համամարդկային արժեքներին հավատարիմ այլ երկրների շարքում, նույնպես կճանաչի Հայոց ցեղասպանությունը, կդատապարտի այն և կոչ կանի Թուրքիային չժխտել Օսմանյան կայսրության կողմից հայ ազգի և մարդկության դեմ գործած հանցանքը:
Միջոցառման ավարտին ցուցադրվեց BBC գործակալության նկարահանած «Հայոց Ցեղասպանություն» վավերագրական ֆիլմը՝ իսպաներեն լեզվով:
Ապրիլի 24-ին Մեծ եղեռնի 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ՝ հոգևոր արարողություններ, ծաղկեպսակների տեղադրում, մոմավառություն, երթեր և ցույցեր տեղի ունեցան Բարսելոնա, Վալենսիա և Ալիկանտե քաղաքներում:
-------------------------------------------------------------------------------------------
Բրյուսելում
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սուրբ Մարիամ-Մագդաղենացի Հայ Առաքելական եկեղեցում մատուցվեց պատարագ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցի: Հոգևոր արարողությանը հաջորդեց բազմամարդ երթ դեպի Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարը, որտեղ հոգևոր հայրերը մատուցեցին ոգեկոչման արարողություն: Ներկաներին իրենց խոսքը հղեցին Արևմտյան Եվրոպայի Հայրապետական Պատվիրակի Բենելուքսի փոխանորդԶատիկ վարդապետ Ավետիքյանը ևԲելգիայի հայ համայնքի կոմիտեի նախագահՄիշել Մամուրյանը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու էին եկել Բելգիայի Սենատի փոխնախագահ Արման դե Դեկերը, Բելգիայի կառավարության, քաղաքական և հասարակական շրջանակների ականավոր գործիչներ, հրեական, թութսի, քրդական և ասորական համայնքների ներկայացուցիչներ, մտավորականներ, բազմաթիվ լրագրողներ:
Ծաղկեպսակներ զետեղվեցին Բելգիայի Սենատի նախագահի, Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի, Բելգիայում գործող հայկական կազմակերպությունների անունից:
Ավելի վաղ` ապրիլի 23-ին, հայ երիտասարդության ջանքերով կազմակերպվել էր մոմավառություն հայկական խաչքար-հուշակոթողի մոտ` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի:
--------------------------------------------------------------
Վիետնամում
Ապրիլի 24-ին Վիետնամի մայրաքաղաք Հանոյում տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված հիշատակի արարողություն:
Միջոցառման մասնակիցները ծաղիկներ զետեղեցին Հո Շի Մինի դամբարանին կից գտնվող անմար կրակի մոտ: Այնուհետև ելույթով հանդես եկավ ՎՍՀ-ում ՀՀ դեսպան Ռաիսա Վարդանյանը:
Ընդգծելով Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման դերը ապագայում նմանատիպ ոճիրների կանխարգելման համար՝ ՀՀ դեսպանը կարևորեց քաղաքակիրթ մարդկության վճռականությունն ու միասնականությունը պատմական արդարության վերականգնման և ժխտողականության դեմ պայքարի հարցերում: