Նուրբ աղջիկն իր հասակից 2 անգամ բարձր գործիք է նվագում (տեսանյութ)
«Նվագախումբ +» նախագիծը շարունակում է իր համերգաշարը։ Այս անգամ Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ նույն բեմում շվեյցարացի երաժիշտ Էլիանա Բուրկին է՝ իր ազգային ալպհորնով։ Փոքրամարմին ու նուրբ աղջիկն իր հասակից 2 անգամ բարձր գործիքը նվագելիս հավաստիացնում է՝ ոչ մի դժվարության չի հանդիպում։ Կարեւորը մարզված մկաններ են. «Պետք է փորի մկանները շատ ամուր լինեն, եւ պետք է ձայնալարերը մարզված լինեն, այդ դեպքում ամեն ինչ կստացվի, եւ փոքր մարմինն ու հասակն էլ չեն խանգարի»։ Ալպհորնը ամենամեծ փողային նվագարանն է աշխարհում։ Այն ունի յուրահատուկ ձայնային երանգներ, որոնք հնչում են շրթունքների հատուկ վիբրացիայի շնորհիվ։ Ալպհորնի նախատիպը օգտագործվել է Ալպերում, որպես ազդանշանային գործիք, նրա ձայնը հենց հիշեցնում է սարերից եկող ձայն։ Անունն էլ հենց ստացել է դրա շնորհիվ ՝ ալպհորն ՝ ալպիական շեփոր։ Էլիանան այն սկսել է նվագել շատ փոքր հասակից ու ազգային գործիքը վերածել նաեւ մոդեռնի. «Բոլորը ալպհորնով նվագում են միայն ազգային երաժշտություն, ես միակն մարդ եմ, որ այս գործիքով նվագում եմ ջազային, ռոք եւ անգամ դասական երաժշտություն»։ Էլիանա Բուրկին Հայաստանում է առաջին անգամ, դեռ չի էլ հասցրել ծանոթանալ մեր երկրի հետ, բայց արդեն հասկացել է՝ մարդիկ շատ ջերմ են ու ընկերական. «Շատ ջերմ ընդունեցին, շատ լավն են բոլորը, նվագախմբի հետ էլ միանգամից ընկերացա, աշխատելը նրանց հետ շատ հեշտ է»։ Երիտասարդ երաժիշտն արդեն հասցրել է նաեւ իտերնետով ծանոթանալ հայկական երաժշտական գործիքներին։ Ամենից շատ հավանել է դուդուկը։ Դեռ առիթ չի ունեցել նվագել այն, բայց ասում է՝ պլանավորած գործերի առաջնային ցանկում է։ Տեսանյութը՝ ստորեւ