Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կենսաթոշակային խնդիրներին՝ միջանկյալ լուծում

Հասարակություն
493cbc4f7969bfd7611b501d8f242303

Կուտակային համակարգի մասին կառավարության լրամշակված փաթեթը սոցիալական ապահովության նախարարի սրտով է: ԱԺ-ում երեկ առաջին ընթերցմամբ ընդունված նախագիծը, Արտեմ Ասատրյանի կարծիքով, խնդիրներին միջանկյալ լուծումներ է տալիս. «Եվ ամենակարևորը` տալիս է կամարտահայտության հնարավորություն պարտադիր կուտակային մասնակիցների համար»,- նշեց նախարարը: Նա նաև հիշեցրեց` համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշումը երկու բևեռացված մեկնաբանությունների տեղիք տվեց. «Սակայն այս օրենքի նախագիծը թույլ կտա նման խնդիրը լուծել»: Արտեմ Ասատրյանը նաև ընդգծեց` պետական մասնակցության վերաբերյալ օրենքում ամրագրված դրույթը հակասահմանադրական չի ճանաչվել: Այսինքն` անկախ նրանից` քաղաքացին կմասնակցի համակարգին, թե` ոչ, պետությունն իր բաժին հինգ տոկոսը բյուջեից կփոխանցի: Երեկ խորհրդարանականները հաշվարկել էին, որ այդ գումարը 21 միլիարդ դրամ է կազմում: Ինչը, պետական բյուջեի սուղ պայմաններում, ընդդիմադիրներն անարդյունավետ քայլ են համարում: Ոլորտի մասնագետները հակառակն են պնդում: Նրանց համոզմամբ` քաղաքացու աշխատավարձից սպառումը չի պակասի, սակայն նա հետագայում ապահով կենսաթոշակ կստանա. «Էս պահին չդիպչելով սպառման չափաբաժնին` միևնույն է, պետությունը մասնակցում է քաղաքացու ապագա կենսաթոշակի կերտմանը»,- «Ա1+»-ին ասաց Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոնի տնօրեն Կորյուն Սարգսյանը: ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կենսաթոշակային բարեփոխումների ծրագրի ղեկավար Արտակ Ղազարյանն արդյունավետ է համարում պետության համաֆինանսավորման շարունակությունը: Դեռ ավելին` ողջունում է այս քայլը. «Ի՞նչ է նշանակում «սուղ պայմաններ», ի վերջո, պետությունը պետք է ներդրում կատարի իր քաղաքացիների բերեկեցիկ ապագան ապահովելու համար»,- նշեց նա: