Ինչու են ճեմարանի սաներն օգտվում միայն մեկ օպերատորից
Օրերս անդրադարձել էինք «Անանիա Շիրակացու» անվան ճեմարանի տարածքում միջին և ավագ դպրոցների սաների կողմից բջջային հեռախոսների օգտագործման համար հատուկ սահմանված կարգին, ըստ որի՝ աշակերտները ճեմարանի տարածքում կարող են օգտվել բացառապես Օրանժ կապի ծառայությունից: Ճեմարանն այս առնչությամբ հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Ընդառաջելով ծնողների խնդրանքներին, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ճեմարանի տարածքում բավականին երկար ժամանակ բջջային հեռախոսների արգելված լինելը սաների մոտ ձևավորել է ըստ անհրաժեշտության ու նպատակի օգտագործելու մշակույթ, ընկերությունը պայմանագիր է կնքել «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորի հետ, մասնավորապես՝ - «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ճեմարանի համար ստեղծում է հատուկ փաթեթ, որի սահմաններում բոլոր բաժանորդները՝ ճեմարանի սաները, աշխատակիցները և ծնողները միմյանց հետ խոսում են անվճար, - «Օրանժ Արմենիա» բջջային օպերատորը ճեմարանի սաներին առաջարկում է ինքնարժեքով (7000 դրամ) հեռախոսներ, որոնց կարճ հաղորդագրություն գրելու հնարավորությունը օպերատորի կողմից անջատվում է, - ճեմարանը վճարում է սաներին տրամադրվող հեռախոսակապի ամսական 500 դրամ արժեքը: Ծառայությունից սաները, աշխատակիցները և ծնողները կարող են օգտվել կամավոր սկզբունքով, նրանց այս ամենը չի պարտադրվում: Ձեր հոդվածում կցված կարգին կից՝ ընկերության բոլոր աշխատակիցներին, միջին ու ավագ դպրոցներում սովորող սաներին ու նրանց ծնողներին ուղարկվել և ընկերության պաշտոնական կայքում տեղադրվել է նամակ, որում գրված է եղել վերոնշյալ բոլոր պայմանները»։