Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 26-ին Քուվեյթում
Հայաստանի «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը և Կանադայի Նյու Բրունսվիք մարզային կառավարության Կրթության և վաղ մանկության զարգացման վարչությունն արժանացել են ՅՈՒՆԵՍԿՕ/ Էմիր ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահ մրցանակին` ներառական կրթության խթանման և մտավոր խնդիրներ ունեցող անձանց որակյալ կրթությանը նպաստելու համար: Երկու հաղթողներին ընտրել է միջազգային ժյուրին, որն ուսումնասիրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ պաշտոնական գործընկերության մեջ գտնվող անդամ պետությունների և ՀԿ-ների ներկայացրած 54 հայտեր: Մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ և ֆինանսավորվում է Քուվեյթի պետության կողմից: Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա մայիսի 26-ին Քուվեյթում, որին ներկա կգտնվեն Քուվեյթի կառավարության անդամներ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցիչներ, ինչպես նաև տարբեր երկրների պատվիրակություններ: Հանդիսավոր արարողության ընթացքում «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանին ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակը անձամբ կհանձնի Քուվեյթի էմիր` Նորին մեծություն էմիր շեյխ Սաբահ ալ Ահմեդ ալ Ջաբեր ալ Սաբահը: