Ի՞նչ է Նաջարյանի ասածը Հովիկ Աբրահամյանի համար (տեսանյութ)
Ի՞նչ նշանակություն ունեն բառերը ձեզ համար՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանին է դիմում ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ գործարարությունը պետք է առանձնացվի պետական կառավարումից, սակայն այդ հայտարարությունից հետո Հովիկ Աբրահամյանը, Գագիկ Խաչատրյանը, Դավիթ Հարությունյանը եղել են պետական պաշտոնյաներ ու իրենց մերձավորների հետ կուտակել բավական մեծ գումար։ Այս մասին հիշեցնում է Փաշինյանն ու խնդրում մեկնաբանել։ Ի պատասխան Հովիկ Աբրահամյանն ասում է, որ պետք չէ գործարարությանը նեգատիվ վերաբերվել, որովհետեւ նրանց շնորհիվ են վճարվում աշխատավարձերն ու թոշակները եւ նաեւ վերանորոգվում ԱԺ այսքան գեղեցիկ դահլիճը։ Ինչ վերաբերում է իր ունեցվածքին, ապա պարոն Աբրահամյանը վստահեցրեց, որ ինքը երբեք չի թաքցրել, որ ունի ունեցվածք. «Դա, իրոք, աշխատել եմ այն տարիների ընթացքում, երբ հողագործությամբ եմ զբաղվել, ու պաշտոններ զբաղեցնելու ժամանակ դա չեմ շահագործել»: Նիկոլ Փաշինյանը չթաքցրեց իր զարմանքը. «Ես զամանում եմ՝ ինչու եք գործարարներին ինձնից պաշտպանում. ես նրանց անունը չեմ տվել, ես Կառավարության մասին եմ խոսում: Այդ ինչպես է ստացվում, որ բոլոր գյուղացիները հող են մշակում ու տոկոսի տակ են ընկնում, իսկ դուք հարստանում, ձեւը ասեք, նրանք էլ անեն: Ինչ է նշանակում՝ ես գալիս եմ ԱԺ միայն քննադատելու համար. բա գանք այստեղ իրար անեկդոտ պատմենք, գնա՞նք, ժպտանք- գնա՞նք»: «Պարոն Փաշինյան, ձեզ հանդարտության կոչ եմ անում, մի լարվեք: Ինչի՞ եք բորբոքվում: Դուք մի ընտանիք չեք պահել, բացի քննադատելուց, հիմա էլ քննադատում եք ունեցվածք ունեցողներին: Դուք էթիկա չունեք, տակտ չունեք լսելու. սա փողոց չէ, ԱԺ է: Ես որեւէ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել, այդ դուք եք հրահրում: Եթե կարծում եք, որ այդ իմ ունեցվածքը ապօրինի է, դիմեք Գլխավոր դատախազություն ու նաեւ՝ ուրիշի փող հաշվելն ամենահեշտն է ու չի կարելի»: Պատգամավորի ու վարչապետի լեզվակռիվը մի պահ շարունակվեց նաեւ անջատված բարձրախոսներով: «Փաշինյանի վրա շատ ժամանակ ծախսեցիք, պարոն Աբրահամյան: Պարոն Փաշինյան, կարելի է խոսել, բայց չարություն անել՝ ոչ»,- փորձեց միջամտել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ինչ վերաբերում է կուտակայինի մասին Հովիկ Աբրահամյանի արտահայտությանը՝ կլինի պարտադիր, բայց ոչ պարտադրված, Նիկոլ Փաշինյանը մեջբերում է Աղայանի բառարանից, ըստ որի՝ այդ երկու բառերն ունեն նույն իմաստը։ Հովիկ Աբրահամյանը խոստանում է բառարաններ ընթերցել։ Այնուամենայնիվ, ո՞րն է պարտադիր, բայց ոչ պարտադրված արտահայտության տրամաբանությունը՝ ըստ Հովիկ Աբրահամյանի. խնդրեց բացատրել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Հովիկ Աբրահամյանի բացատրությունը հետեւյալն էր. «Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ անելու ենք՝ բացատրելու ենք, ներկայացնելու ենք, հաշվարկելու ենք, որ սոցիալական լուրջ խնդիրներ չառաջացնենք մեր քաղաքացիների համար: Ցանկանում ենք գոնե մինչեւ հունիսի վերջ ունենանք պարտադիր կենսաթոշակային կուտակային համակարգի նոր նախագիծ ու բերենք ԱԺ»: Ի՞նչ է Նաջարյանի ասածը Հովիկ Աբրահամյանի համար։ Շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Սերժ Սարգսյանի՝ 5-7 տոկոս տնտեսական աճ ապահովելու մասին պահանջի չկատարումը Հովիկ Աբրահամյանը կապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններով, ըստ նրա՝ Սերժ Սարգսյանի կողմից պարզապես եղել է քաղաքական ցանկություն։ Ավելին՝ տեսանյութում։