Open news feed Close news feed
A A
Video Official

Ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է վարչապետ (video)

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է ենթակառուցվածքների և բնակարանաշինության ոլորտներում կապիտալ ծրագրերի իրականացման ընթացքը:

Վարչապետը նշել է, որ կապիտալ ծրագրերն այս տարի առանձնահատուկ նշանակություն ունեն և առանձնահատուկ նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Ինչո՞ւ է այս տարի առանձնահատուկ կարևոր և նախորդ տարիներից ի՞նչ պրակտիկա ունենք կապիտալ ծախսերի հետ կապված. նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է:

Մենք համարում ենք, որ այս տարի կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, նշանակում է աշխատավարձ չստացած ընտանիքներ, նշանակում է տնտեսվարողներ, որոնք պետք է օգտվեին, շահույթ ստանային, գործունեություն ծավալեին պետական ծախսերի համատեքստում, ինչն իր հերթին բերում է մեր երկրում ծանրացող սոցիալական իրադրության ավելի բարդացում: Այս առումով, մենք իսկապես պետք է առանձնահատուկ որակով և ծավալով կապիտալ ծախսեր իրականացնենք»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հիշեցնելով, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար 2020 թվականին պետական բյուջեով հատկացվել է 22 մլրդ 380 մլն դրամ, որից 21 մլրդ դրամն ուղղված է ճանապարհաշինությանը: Վերը նշված միջոցների շրջանակում նախատեսվում է հանրապետությունում հիմնանորոգել 250 կմ ճանապարհ: Այլ ծրագրերի շրջանակում նախատեսվում է ևս 80 կմ ճանապարհի վրա իրականացնել մասնակի նորոգում, վերանորոգել 65 կմ երկարությամբ կենսական ճանապարհներ, 90 կմ ճանապարհ էլ հիմնանորոգել վարկային ծրագրերի շրջանակում: Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ շինարարության նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են և մայիսի 5-ից բուն շինարարությունը կմեկնարկի:

Նախարարն անդրադարձել է նաև այլ ուղղություններով կապիտալ ծախսերի իրականացման ուղղությամբ նախատեսվող ծրագրերին:

Այնուհետև քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Արմեն Ղուլարյանը զեկուցել է աղետի գոտում՝ Սպիտակում, Վանաձորում և Գյումրիում բնակարանաշինության ծրագրի ընթացքի մասին, անդրադարձել բնակարանների կառուցման նախագծային աշխատանքներին:

Վարչապետը հանձնարարել է վերը նշված բոլոր աշխատանքներն իրականացնել լայն թափով և սահմանված ժամկետներում: