Open news feed Close news feed
A A
Video Official

Նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապով մասնակցել է հեղինակավոր CogX 2020 համաժողովին (video)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տեսակապի միջոցով որպես բանախոս մասնակցել է հեղինակավոր CogX 2020 «Համաշխարհային առաջնորդության գագաթաժողով և արհեստական բանականության ու նոր տեխնոլոգիաների փառատոն» համաժողովին, որն այս տարի անցկացվում է վիրտուալ տիրույթում: Համաժողովը կազմակերպվել է CognitionX ընկերության կողմից՝ Microsoft, UI Path, Elutions, QuantumBlack և IBM ընկերությունների հետ համագործակցությամբ:

Հայաստանի նախագահի ելույթին հետևել են ավելի քան 50 հազար ունկնդիրներ: Միջազգային հեղինակավոր այս հարթակը միավորում է համաշխարհային առաջնորդների, խոշորագույն ընկերությունների ղեկավարների, գիտնականների, տեխնոլոգիաների, արհեստական բանականության, արվեստի և այլ ոլորտների հայտնի ներկայացուցիչների: CogX 2020-ի բանախոսների թվում են նաև ԱՄՆ-ի նախկին պետքարտուղար Ջոն Քերին, Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերը, ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին դեսպան, Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սամանտա Փաուերը և այլք: Աշխարհի տարբեր երկրներից շուրջ 600 բանախոսներն ու ավելի քան 30 հազար մասնակիցները ներկայացնում և քննարկում են Covid-19 համավարակին ու առողջապահական ոլորտին, կիբերանվտանգությանը, արհեստական բանականությանը, տնտեսությանն ու աշխատաշուկայի ապագային վերաբերող խնդիրները՝ փորձելով պատասխանել միջոցառման հիմնական՝ «Ինչպե՞ս ճիշտ ապրել հետագա 10 տարիներին» հարցին:

Հանրապետության նախագահը նույնպես խոսել է համավարակի առաջացման պատճառների, աշխարհի զարգացման միտումների, կրթության դերի, փոքր երկրների հնարավորությունների և այն քայլերի մասին, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել հետագայում՝ փոփոխվող աշխարհի մարտահրավերներին դիմակայելու համար:

Անդրադառնալով համավարակին՝ նախագահ Սարգսյանը նշել է, որ այն վերջինը չի լինի, ուստի պետք է սովորել դիմակայել դրանց և առավել պատրաստ լինել: «Վիրուսները մեզ հետ են եղել հազարավոր տարիներ, և մենք դրանց հետ ապրել ենք, պայքարել դրանց դեմ։ Շատ վիրուսներից բուժվելու միջոցները նույնիսկ այսօր չունենք, և պետք է սովորենք ապրել դրանց հետ։ Սակայն կորոնավիրուսի դեմ պայքարելու հիմնական ձևը, ինչպես հարյուր տարի առաջ էր, սոցիալական հեռավորություն պահպանելն է։ 21-րդ դարում հնարավոր չէր խուսափել այս ամենից։ Մենք ապրում են շատ արագ աշխարհում, որում մեր կյանքը կիսով չափ վիրտուալ է, կիսով չափ՝ իրական: Մենք կենտրոնացած ենք մեծ քաղաքներում, մեծ առևտրի կենտրոններում, ճանապարհորդում ենք մեծ ինքնաթիռներով, հասցրել ենք վնասել բնությանը։ Ես չեմ կարծում, որ աշխարհը փոխվել է կորոնավիրուսի պատճառով։ Աշխարհը փոխվում էր վերջին մի քանի տասնամյակներում։ Մենք դա չէինք նկատում։ Չէինք նկատում, որ սա բոլորովին ուրիշ աշխարհ է, և կորոնավիրուսը պարզապես արագացրեց այդ գործընթացը,-նշել է նախագահն՝ ավելացնելով, որ Հայաստանը նույնպես եզակի չէ։ -Լուծումները գրեթե նույնն են, ինչ մյուս երկրներում»։

Նշելով, որ կորոնավիրուսը փոփոխությունների պատճառը չէ, այն փոփոխվող աշխարհի հետևանք ու արդյունք է՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ նոր աշխարհում շատ ռիսկեր անկանխատեսելի են և շատ ավելի արագ են տարածվում։ «Դրանց դեմ պայքարելու ձևերը դասական չեն, որոնք մենք կիրառում էինք 50 կամ նույնիսկ 30 տարի առաջ։ Մենք պետք է վերանայենք, թե ինչպես ենք պայքարում համավարակների դեմ այս նոր աշխարհում,-ասել է նախագահը: -Մենք ապրում ենք աշխարհում, որը միավորված է։ Գաղափարները, հաշվարկները, սկզբունքները, փիլիսոփայությունը, որոնք մենք կիրառում ենք բնության մեջ, շատ դեպքերում կարող ենք կիրառել նաև մարդկության համար։ Մենք տարանջատված չենք, մենք չենք ապրում բնությունից տարբեր տրամաբանությամբ»։

Նախագահի խոսքով՝ նոր աշխարհ մուտք գործելու և նոր մարտահրավերներին դիմագրավելու համար պետք է շատ բաներ վերարժևորել: «Շատ բաներ դառնալու են առավել կարևոր, նախ և առաջ՝ առողջապահությունը։ Ուստի մենք պետք է ավելի շատ ժամանակ, էներգիա, գումար և ջանքեր ներդնենք այս ոլորտը զարգացնելու համար։ Մենք պետք է ավելի շատ գումար ծախսենք կենսաբանության և կենսաբանական տեխնոլոգիաների վրա։ Նաև շատ կարևոր է, թե մենք ինչպես ենք վերաձևավորելու մեր տնտեսությունը, որոնք են լինելու այն գրավիչ ոլորտները, որտեղ մարդիկ ներդրումներ կկատարեն,-ընդգծել է նախագահ Սարգսյանը: -Կորոնավիրուսը շատ ու շատ հարցեր է ի հայտ բերել։ Այն մեզ ստիպում է մտածել մեր մոլորակի, մեր երկրի, մեր ընտանիքի ապագայի մասին։ Որտե՞ղ պետք է մենք գումար ներդնենք։ Միանշանակ, ապագայում արհեստական բանականությունն ունի կարևոր տեղ։ Վերջինս, այլ հայտնագործությունների հետ մեկտեղ, մոլորակի ապագայի շարժիչ ուժերից է, ինչպես օրինակ՝ էլեկտրականության, համակարգիչների հայտնագործումը։ Մենք չպետք է վախենանք դրա ազդեցությունից, այլ փորձենք զարգացնել այդ ոլորտը, քանի որ դա կտրուկ փոխելու է աշխարհի ապագան։ Գիտությունը և տեխնոլոգիաները նոր գաղափարներ են ի հայտ բերելու։ Այս փոփոխությունների միջուկը լինելու է արհեստական բանականությունը։ Թե՛ գյուղատնտեսության, թե՛ առողջապահության ոլորտներում մի շարք փոփոխություններ են լինելու, որոնց մասին մենք չէինք էլ կարող երազել»։