Open news feed Close news feed
A A
Video Official

Հայերը կդադարեցնեն էթնիկ զտման Բաքվի ցանկացած փորձ նախագահի հարցազրույցը չինական Caixin Media ին (video)

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել չինական Caixin Media գործակալությանը.

Հարց-Երեկ մենք տեսանք, թե ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները կոչ արեցին երկու կողմերին՝ դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների առանց նախապայմանների: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է Բաքվի հետ վերսկսել բանակցությունները:

-Ցանկանում եմ նախ և առաջ անդրադառնալ տիրող իրավիճակին: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը, որը խորհրդային իշխանության կողմից պարտադրված` 70 տարի Ադրբեջանի մաս էր կազմել, Խորհրդային Միության փլուզումից հետո հանրաքվեի միջոցով վճռեց դուրս գալ Ադրբեջանի կազմից և անկախություն հռչակեց: Ադրբեջանի արձագանքը 20-րդ դարի արձագանք չէր, նա զորքեր ուղարկեց և սկսեց կոտորած, հակամարտությունը վերաճեց պատերազմի: Պատերազմը դադարեց 1994 թվականին, երբ սկսվեցին բանակցությունները՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որի երեք համանախագահներն են ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Ռուսաստանը:

Բանակցությունները շարունակվում էին 26 տարի: Պետությունների, հակամարտող կողմերի միջև, ինչպես նաև կոմերցիոն ցանկացած բանակցություն երբեմն գոհացնող է, երբեմն` ոչ: Դա նորմալ է: Պետք է համբերություն ունենաս, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է:

Ադրբեջանը որոշել է ինքն իրեն հեռացնել բանակցային սեղանից և ընտրել պատերազմի ուղին: Դա եղել է մի քանի անգամ՝ հանգեցնելով տեղային պատերազմների, քառօրյա պատերազմների, ինչպես 2016 թվականին, մեկ այլ բախում տեղի ունեցավ այս տարվա հուլիսին: Սակայն այս անգամ ամեն բան տարբեր է: Թուրքիան այժմ ուղղակիորեն ներգրավված է այս հակամարտությունում: Թուրքիան Ադրբեջանում ունի մեծ թվով զինվորականներ՝ ինչպես բուն Ադրբեջանում, այնպես էլ Նախիջևանում, որը ցամաքային կապ չունի Ադրբեջանի հետ և գտնվում է Հայաստանի ու Թուրքիայի միջև և այսօր փաստացիորեն կառավարվում է թուրքական կողմից:

Բուն Ադրբեջանի տարածքում Թուրքիան ունի գեներալներ, խորհրդականներ, և որ ավելի վատ է՝ Թուրքիան վարձել և իր հետ բերել է ջիհադիստ ահաբեկչական խմբերի Սիրիայից: Ինչպե՞ս կարող է երրորդ երկիրը միջամտել երկու պետությունների՝ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հակամարտությանը, ինչպե՞ս կարող է այստեղ բերել անկառավարելի մի բան՝ ջիհադիստ ահաբեկիչների:Ադրբեջանցիների և թուրքերի կողմից ժամանակակից տեխնոլոգիա է օգտագործվում ՝ դրոններից մինչև F-16 կործանիչներ, ինչը ևս հակասում է բոլոր միջազգային նորմերին: Վստահ եմ, որ համաձայնագիրը, որն ունի Թուրքիան ԱՄՆ-ի հետ, թույլ չի տալիս այդ երկրին նման քայլերի գնալ: Բացարձակ համոզված եմ, որ համաձայնագրերը, որը Թուրքիան ստորագրել է՝ դառնալով ՆԱՏՕ-ի անդամ, արգելում են նրան այս ամենը: Սակայն այդ երկիրն անտեսում է սա: Մենք այժմ ունենք փաստեր, որ ոչ միայն ամերիկյան սարքավորումներ են օգտագործվում Լեռնային Ղարաբաղի կամ Արցախի Հանրապետությունում: Տարբեր երկրների, այդ թվում և Թուրքիայի արտադրած դրոնները օգտագործվում են ոչ միայն այդտեղ, այլև օգտագործվում են Հայաստանի դեմ: Նախորդ գիշեր թուրքական արտադրության 4 դրոն խախտել է Հայաստանի հետ սահմանը: Դրանք ոչնչացվել են հայկական պաշտպանական համակարգի կողմից:

Հարց- Այսինքն, հակամարտությունը վերսկսվել է ոչ միայն արևելյան կողմում, այլև ձեր և Թուրքիայի սահմանին:

- Ես չունեմ վերջնական տվյալներ, թե որտեղից են նրանք մտել հայկական սահմաններից այս կողմ, սակայն դա էական չէ, դրանք թուրքական դրոններ են, ղեկավարվում են թուրք օպերատորների կողմից և հատում են սահմանը:

Այսինքն, կան թուրքական ներգրավվածության բոլոր ապացույցները: Նրանք պատճառաբանում են իրենց գործողությունները՝ ասելով, թե իբր իրենք ադրբեջանցիների էթնիկ եղբայրներն են: Ներեցեք, սակայն թյուրքական ժողովուրդներն այնքան շատ են, թուրքերն էթնիկ եղբայրներ ունեն Հյուսիսային Կովկասում, Ռուսաստանի բոլոր շրջաններում, Կենտրոնական Ասիայում, ինչպես նաև Չինաստանի հյուսիսում: Եթե նրանք փնտրում են էթնիկ եղբայրների, դա նշանակում է, որ նրանք կարող են միջամտե՞լ այս բոլոր պետությունների գործերին՝ աջակցելու «էթնիկ եղբայրներին»: Սա միանշանակ անընդունելի է:

Երկրորդը, նրանք պնդում են, թե իբր Հայաստանում կան PKK զինյալներ, ինչը բացարձակ անհեթեթություն է: PKK զինյալներ չկան: Հայաստանում մենք ունենք քրդական և եզդի ազգաբնակչություն: Նրանք բոլորը Հայաստանի լավ քաղաքացիներ են: Նրանցից ոմանք բնակվում են Լեռնային Ղարաբաղում և այնտեղ ևս լավ քաղաքացիներ են: Եվ երբ վտանգ է լինում, նրանք պաշտպանում են իրենց երկիրը: Նրանք Հայաստանի կամ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներ են:

Երրորդը, որը հետաքրքիր է՝ Թուրքիան իր զինուժը տեղակայել է էներգետիկ խողովակաշարի մոտ՝ հայտարարելով, թե սպառնալիք կա Լեռնային Ղարաբաղի կողմից: Սա մեկ այլ անհեթեթություն է, քանի որ եթե Լեռնային Ղարաբաղը կամ հայերը մտադրություն ունենային այն ռմբահարելու, դա կանեին 20 տարի առաջ, երբ խողովակաշարը դեռ նոր էր կառուցվում: Եթե առաջին ռումբերը նետվեին խողովակաշարի առաջին 100 մետրի կառուցման ժամանակ, առհասարակ խողովակաշար չէր լինի: Ճիշտ չե՞մ: Միջազգային հանրությունն ու կազմակերպությունները կվախենային խողովակաշար ունենալ մի հատվածում, որտեղ Լեռնային Ղարաբաղից կարող էր սպառնալիք գալ: Սակայն հայերը նման բան չեն արել: Եվ այս 20 տարիների ընթացքում Ադրբեջանը միլիարդավոր դոլարների եկամուտներ է ունեցել նավթի վաճառքից, օգտագործել այդ գումարը զենք գնելու և հայերին սպանելու համար: Իսկ այժմ նրանք ասում են, թե հայերը կռմբակոծեն, ինչը անհեթեթություն է: Ես կտրականապես մերժում եմ սա: