Որոշ դպրոցներում վերջին զանգը չի հնչել
Արմավիրի մարզի Արտամետ գյուղն այս տարի շրջանավարտ չունի։ Գուրգեն Մարգարյանի անվան ավագ դպրոցում արդեն 2 տարի է՝ վերջին զանգը չի հնչում, հաջորդ տարի հայ սպայի անունը կրող դպրոցը կրկին շրջանավարտ չի ունենա։ Այսօր դպրոցում սովորում է 24 աշակերտ, ավագ դասարաններից միայն 9-րդը 2 աշակերտ ունի, իսկ 12-րդ չունեն։ «Փոքրիկ գյուղ է Արտամետը, բնակչության թիվը մեծ չէ, մի 60 տնտեսություն են, դրա համար էլ այդքան մեծ չէ աշակերտների թիվը», -«Ա1+»-ի հետ զրույցում նշեց համայնքի ղեկավար Անահիտ Դավթյանը։ Արտամետի համայնքապետի խոսքով՝ գյուղի նորակառույց դպրոցի շենքը 2008 թ-ին է շահագործվել։ Այն նախատեսված է շուրջ 100 աշակերտի համար, սակայն համայնքն այսօր չունի նախատեսված աշակերտների նշված թիվը: Իսկ հարևան Արևադաշտ համայնքում երկու շրջանավարտ կա, երկուսն էլ՝ արական սեռի։ Նրանք էլ, ինչպես բոլոր շրջանավարտները, այսօր դպրոցին հրաժեշտ տվեցին։ Նույնիսկ վերջին զանգի հանդես են կազմակերպել. «Բա ոնց, առանց վերջին զանգի հանդեսի՞՝ տարեվերջյան հանդես ենք կազմակերպել, 12-րդ դասարանցիներին միացել են նաև դպրոցի մնացած ավագ դասարանցիները», - տեղեկացնում է Արևադաշտի ավագ դպրոցի տնօրեն Շողակաթ Խաչատրյանը։ 2013 թվականին դպրոցը շրջանավարտ չի ունեցել, իսկ 2012-ին՝ կրկին երկուսն են ունեցել։ Տնօրենը վստահեցնում է՝ իր ղեկավարած դպրոցում 2 շրջանավարտ ունենալը նորմալ թիվ է. «Մյուս տարի էլի երկու շրջանավարտ կունենանք, 9-րդ դասարանում 6 աշակերտ է սովորում, իրենց ավարտելու տարին շատ շրջանավարտ կունենանք», - հայտնում է Շողակաթ Խաչատրյանը։ Արևադաշտի դպրոցում ընդհանուր առմամբ սովորում է 53 աշակերտ։