Նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք
Ապօրինի շինարարությունների և հողազավթումների կանխման և դրանց հետևանքների վերացման ուղղությամբ իրականացվող հսկողության հետ կապված ամենշաբաթյա աշխատանքային խորհրդակցությանը զեկուցվել է, որ նախորդ շաբաթ արձանագրվել է իրավախախտման 6 դեպք, նախկինում արձանագրված 14 դեպքով էլ իրականացվել են ապօրինի շինության քանդման աշխատանքներ: Քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետը զեկուցել է, որ վերջին երկու շաբաթների ընթացքում ապամոնտաժվել է նաև նախկինում տեղադրված և չգործող 24 կրպակ: Քաղաքապետը հանձնարարել է շարունակել աշխատանքները՝ դրանք պահելով մշտական հսկողության տակ: Զեկուցվել է, որ որոշ վարչական շրջաններում ավարտվել է համայնքային սեփականություն հանդիսացող և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող շենք-շինությունների գույքագրումը: Քաղաքապետը հանձնարարել է առաջիկա 1 ամսում ամբողջությամբ ավարտել գործընթացն ու պատրաստել նախագծանախահաշվային փաստաթղթերը՝ դրանք 2015 թվականի բյուջեում ընդգրկելու համար: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն