Այլեւս ստիպված չենք լինի փորձաքննություններն անցկացնել արտերկրում
Ոչ օրգանական նյութերի բաղադրությունը այսուհետ հնարավոր կլինի պարզել հենց Երևանում: Հայ գիտնականները այլեւս ստիպված չեն լինի փորձաքննություններն անցկացնել արտերկրում՝ Ֆիզիկայի ինստիտուտի նորաբաց նյութագիտական լաբորատորիայում գտնվող այս սարքի շնորհիվ։ Այն կոչվում է «Ռենտգենյան ֆլորոսենս սպեկտոմետր». «Այն թույլ է տալիս կատարել ոչ օրգանական նյութերի էլեմենտար անալիզ, այսինքն` պարզել, թե նյութը որ էլեմենտներից է բաղկացած»,- ասում է ինստիտուտի ավագ գիտաշխատող Սուրեն Սողոմոնյանը։ Նրա խոսքերով` 150 հազար ամերիկյան դոլար արժողությամբ սարքը կկիրառվի հնագիտության ոլորտում` բացահայտելով հնածոների տարիքը։ Հանքարդյունաբերությունում սարքը կարող է բացահայտել նյութում օգտակար էլեմենտների տոկոսը, և սա դեռ ամենը չէ. «Մենք դեռ սարքի հնարավորությունն ենք ուսումնասիրում, փորձնական նմուշներ ենք սպասում և մոտ ապագայում սպասում ենք երկրաբաններից և հնաբաններից պատվերների»: Ֆիզիկայի ինստիտուտը եւս մի քանի նոր սարք ունի՝ «3-Դ» տպիչներ, որոնք արժողությամբ զիջում են սպեկտոմետրին, սակայն երիտասարդ գիտաշխատող Պավել Սոլաքյանը 3-Դ-ի արտադրանքները ոչ պակաս է համարում. «Այս սարքերը հնարավորություն են տալիս տնային պայմաններում ստեղծել պլաստմասե գրեթե ամեն մի իր»,- ասում է նա: Երիտասարդ գիտաշխատողի խոսքով՝ իրենք տարբեր նախագծեր են ներկայացրել եւ սպասում են ֆինանսավորման: 21-ր դարում նա հատկապես կարեւորում է 3 Դ մոդելավորումն ու տպագրությունը։ Իսկ ֆիզիկայի ինստիտուտի տնօրենը խոստովանում է՝ լինի 150 հազարի, թե 3 հազար դոլարի սարքավորում, առանց հմուտ գիտաշխատողի այն ոչ մի գրոշ չարժե. «Սարքը քիչ է, եթե չենք ունենա մարդիկ, որոնք հասկանում են, ուզում են և կարող են էդ անել, դա կլինի միայն բյուջետային փողերի փոշիացում»,- ասում է Աշոտ Չիլինգարյանը։