Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կանադայում ներկայացվել է ՀՀ-ից արտագաղթի վերաբերյալ զեկույց

Հասարակություն
depop

«Հայաստանի բնակչության թվի անկումը. ճգնաժամի ակունքները և դրանց հաղթահարման ուղիները» հետազոտության արդյունքները ներկայացվել են «Հայկական Վերածնունդ» շարժման Տորոնտոյի մասնաճյուղի կողմից Մոնրեալում կազմակերպված համաժողովի ժամանակ, որի խորագիրն էր՝ «Կոռուպցիան Հայաստանում. լուծումները և սփյուռքի դերը»: Տորոնտոյում կազմակերպված համաժողովի բացումն իրականացվել է հռչակավոր կինոռեժիսոր Ատոմ Էգոյանի կողմից, ով առաջին անգամ ցուցադրեց իր նոր՝ «Լուսավորիչը» ֆիլմը: Ֆիլմն անդրադառնում է այնպիսի խնդիրների արմատներին, ինչպիսիք են խաբելը և գողանալը, որոնք մարդկային արատավորման պատճառ են դառնում: Հայաստանից, Կանադայից և ԱՄՆ-ից հրավիրված բանախոսներն իրենց մոտեցումները ներկայացրեցին կոռուպցիայի վերաբերյալ, և թե այն ինչպիսի դրսևորում է ստանում Հայաստանում: Համաժողովի բանախոսներն էին Կանադայի «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ղեկավար տիկին Բրոնուին Բեսթը, Հայաստանի՝ Նախախորհրդարան շարժման համակարգող պարոն Գարեգին Չուգասզյանը, Տորոնտոյի՝ «Հայկական Վերածնունդ» շարժման համակարգող դոկտոր Զարեհ Օզունյանը, Հայաստանից հրավիրված իրավաբան և մարդու իրավունքների պաշտպան պարոն Արտակ Զեյնալյանը և «Գոլոլեան Հիմնադրամի» (Տորոնտո, Կանադա) ղեկավար ու DEPOP.AM կայքի հիմնադիր պարոն Վահան Գոլոլեանը: Տորոնտոյում և Մոնրեալում կազմակերպված համաժողովին ակտիվ մասնակցություն ցուցաբերեցին սփյուռքի ներկայացուցիչները և վերջին տարիներին Հայաստանից արտագաղթած ներգաղթյալները, ովքեր մեծ հետաքրքրություն ցուցաբերեցին Հայաստանում կոռուպցիայի, կառավարման, մարդու իրավունքների և աղքատության հարցերի հանդեպ: «Թրենսփերընսի Ինթերնեյշնլ» կազմակերպության ներկայացուցիչ տիկին Բրոնուին Բեսթը ներկայացրեց, թե ինչպես է Հայաստանն այդ կազմակերպության՝ կոռուպցիայի ընկալման վերաբերյալ զեկույցում 94-րդ տեղն զբաղեցնում (177-ից), և թե ինչպիսի ցուցանիշների արդյունքում է հետ մնում այնպիսի երկրներից, ինչպիսիք են Ալժիրը, Ջիբութին և Կոլումբիան: