Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչո՞ւ պետք է սպառողը փակի կազմակերպության պարտքերը. Ն. Զոհրաբյան (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
1c70e15b71b9ad283f9c7324fbb9eafd

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն իրենն է պնդում՝ էլեկտրաէներգիա արտադրող եւ բաշխող ընկերությունները պետք է շահույթ ստանան՝ անկախ էլեկտրաէներգիայի սպառումից. «Սակավաջուր տարի ունեինք՝ եւ Որոտանի կասկադը եւ Սեւան-Հրազդանի կասկադը միասին մոտ 200 մլն կվտ էլեկտրաէներգիա պակաս արտադրեցին»։ Հանձնաժողովի նախագահը շարունակում է՝ նրանք ներդրումներ են կատարել, եւ ոչ մի շահույթ չեն ունեցել, դա պետք է փոխհատուցվի։ Բայց ինչու՞ այդ ամենի համար պետք է վճարի քաղաքացին,-հետաքրքրվում է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը. «Այդ կազմակերպությունները, որոնք բոլորը միաբերան հայտարարում են, որ իրենք աշխատում են զրո տոկոս շահույթով, արդյո՞ք մազոխիստներ են, թե ոչ»։ Ռոբերտ Նազարյանը հակադարձում է. «Հայաստանի ատոմակայանը. Այո, զրո տոկոս շահութաբերություն ունի։ Երեւանի ՋԷԿ-ը. Զրո տոկոս շահութաբերություն ունի, այո»։ ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը նկատում է, որ սպառողը վճարում է նաեւ հիշյալ ընկերությունների վերցրած վարկերի համար, ավելին, նա պարտավոր է ապահովել նրանց 8 կամ 14 տոկոս շահույթները. «Եվ նախատեսված չի, որ ասենք պետք է տուժեն մի քիչ իրենք շահույթը պակաս ունենալով պայմանագրով, ոչ թե միայն սպառողը պետք է տուժի»։ Ընդդիմադիր խմբակցությունները չգիտեն, թե ինչպես կարող են խանգարել հանրապետական մեծամասնությանը այս կամայականությունները սպառողի վզին չփաթաթելու համար։ Այդքան ձայն չունեն խորհրդարանում, բայց այնպես չէ, որ մեծամասնությունն է պատասխանատու, այլ քաղաքական ղեկավարությունը։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանն ասում է. «Առանց քաղաքական ղեկավարության հստակ ցուցումի, հստակ հրահանգի որեւէ մեկը իր վրա պատասխանատվություն չի վերցնի որեւէ քայլ իրականացնել»։ Ամեն ինչ պետք է անել այս թանկացումը թույլ չտալու համար,-պնդում է Նաիրա Զոհրաբյանը։ Եթե ընկերությունները շահույթ չեն ստացել, դա իրենց խնդիրն է, ոչ թե՝ սպառողի. «Եթե որեւէ կազմակերպություն չի կարողանում կառավարել իր ռիսկերը, չի կարողանում կանխատեսել իր ռիսկերը եւ չունի կանխատեսելիություն որոշակի ժամանակահատվածի համար, թե ինչ է հնարավոր, եւ մի օր կարող է զարթնել եւ հայտ ներկայացնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, որ գիտեք, ինքը կորուստներ է կրել եւ էդ կորուստները փակի ՀՀ սպառողը, էստեղ այլ բանի մասին խոսել, քան զրոյական ապաշնորհ մենեջմենտի եւ կառավարման մասին, անկեղծ ասած ես այլ ձեւակերպում չեմ կարող գտնել»։ Ամենածանրը, ըստ տիկին Զոհրաբյանի, այն է, որ քաղաքացին չի կարող հրաժարվել էլեկտրաէներգիայի սպառումից։ Հրաժարվելու դեպքում նրա փոխարեն, միեւնույն է, պետք է վճարի ուրիշը։