Նախարարությունն օրենք չի՞ խախտել՝ ազատելով մարդկանց աշխատանքից
ՀՀ ֆինանսների նախարարությունը օրենքի խախտում չի կատարել՝ բազմաթիվ անձանց ազատելով աշխատանքից։ Այսօր լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը։ Նրա խոսքերով՝ ինչպես հասարակայնության հետ կապերի, այնպես էլ իրավաբանական եւ կադրային բաժնում տեղի է ունեցել հաստիքների կրճատում։ Հիշեցնենք, որ Ֆինանսների նախարարության՝ ՊԵԿ-ի հետ միավորվելուց հետո նախարար նշանակվեց Գագիկ Խաչատրյանը։ Արդյունքում մի շարք աշխատակիցներ ազատվեցին աշխատանքից։ Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի խոսքերով՝ երկու պետական մարմիններ միաձուլվել են, եւ բնականաբար կրճատումները պետք է անխուսափելի լինեին։ Պարոն Բադալյանը նաեւ տեղեկացրեց, որ հեռացումների օրինականությունը պարզելու համար արդեն ուսումնասիրություններ են սկսել։ Իսկ ինչ վերաբերում է հարցին, որ աշխատանքից ազատվել են միայն Ֆինանսների նախարարության աշխատակիցները, վերջինս պարզաբանեց. «Միաձուլումների արդյունքում տեղի է ունեցել թվաքանակի նվազում»։ Այսօր Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահը նաեւ ավելացրեց, որ աշխատանքից ազատված մարդիկ գրանցվել են կադրերի ռեզերվում։ Նրանց մի մասը վերակազմակերպված ստորաբաժանումներում կգտնի իր աշխատանքը։