Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ-ում ապաստան խնդրողների թիվը Սիրիական պատերազմի արդյունքում մեծացել է (տեսանյութ)

Հասարակություն
af586d9952eeae9196c8c6b3a6f662a1

Կարոլինան ամուսնու եւ 3- ամյա որդու հետ Հայաստան է եկել Հալեպից ընդամենը 3 ամիս առաջ։ Իրենց հետ բերել են բոլոր խնայողությունները, ինչով էլ այսօր ապրում են։ Ոչ տուն ունեն, ոչ էլ աշխատանք, սակայն Հայաստանում մնալու ցանկությունը մեծ է. «Արդեն հարմարվել ենք այստեղ, մարդիկ լավն են, բնությունը՝ գեղեցիկ։ Ամուսինս հայ չէ, բայց շատ սիրել է Հայաստանը, արդեն հայերեն է սովորում, իսկ բալիկս արդեն գիտի հայերեն, մանկապարտեզ է հաճախում»։ Հայրենիքում ինտեգրվելու համար ընտանիքն արդեն դիմել է տարբեր կազմակերպությունների և սպասում է օգնության։ Հուսով է, որ նաեւ փախստականի կարգավիճակ կստանա։ Հայաստանում ապաստան խնդրողների թիվը Սիրիական պատերազմի արդյունքում մեծացել է։ 2013-ին Միգրացիոն պետական ծառայության ստացած մոտ 540 հայտերի մեծ մասը հենց Սիրիայի քաղաքացիներից է։ «Բոլոր տեղեկությունները ապաստան հայցողների մասին հավաքվում, ուսումնասիրվում ու համեմատվում են։ Արդյունքում եզրակացություն է մշակվում եւ որոշվում է՝ մերժե՞լ հայտը, թե՞ ընդունել։ Սիրիահայերի դեպքում բոլորը ստացել են ապաստան ու արագացված ընթացակարգով»,- ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը: Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է։ Հայաստանում ՄԱԿ-ի Փախստականների գործակալության ներկայացուցիչը այսօր հանդիպել է մի շարք փախստականների հետ՝ անձամբ նրանցից տեղեկանալու համար, թե ինչպես են հարմարվել հայաստանյան կյանքին, ինչ խնդիրներ ունեն. «Ապաստան տալը մի ամբողջ կանոնակարգ է եւ կատարվում է մեր օգնությամբ, բայց տվյալ երկրի կառավարության կողմից։ Կան որոշ շտկումներ, որ մենք անում ենք, սակայն պետք է նշեմ, որ օրենսդրությունը գնալով այս առումով Հայաստանում ոտքի է կանգնում»,- նշեց Քրիստով Բիվիլդը։ Պարոն Բիվիլդը այս գործընթացում կարեւորում է հասարակության դերը։ Որքան բաց լինի տվյալ երկրի հասարակությունը, այնքան փախստականները ավելի արագ կինտեգրվեն ու կդառնան այդ պետության լիիրավ անդամը։