Շանթ Հարությունյանը չի՞ վստահում պաշտպաններին
Երեւանի Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկած «Շանթ եւ ընկերներ» գործի քննության ընթացքում պաշտպան Արա Զաքարյանը միջնորդություն ներկայացրեց իր պաշտպանյալի՝ Արմեն Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխելու համար։ Պաշտպանը պարզաբանեց, որ նոյեմբերի 5-ին իրականացված ակցիան չի կարող որակվել որպես խուլիգանություն, եւ իր պաշտպանյալը նման գործողություն չէր կարող կատարած լինել։ Պաշտպանը նաեւ տեղեկացրեց, որ Արմեն Հովհաննիսյանը չի կարող թաքնվել գործի քննությունից եւ միջնորդեց նրա խափանման միջոցը փոխել գրավի դիմաց։ Իսկ եթե ոչ, ապա պետական բյուջեից հատկացնել գումարներ՝ նրա 3 անչափահաս երեխաներին կերակրելու համար, քանի որ նա տան միակ կերակրողն է։ Այս միջնորդությանը եւս դեմ արտահայտվեց Շանթ Հարությունյանը՝ նշելով, որ առաջին հերթին ամբաստանյալները պետք է իրենց պաշտպանեն եւ ոչ թե պաշտպանները, քանի որ պաշտպանները չգիտեն, թե իրականում ինչ է եղել նոյեմբերի 5-ին։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը խորհրդակցական սենյակում կորոշի՝ ամբաստանյալի խափանման միջոցը փոխել, թե ոչ։ Որոշումը կհրապարակվի 30 րոպե անց։ Ի դեպ, այսօր Շանթ Հարությունյանը նաեւ հայտարարեց, որ երբ իրեն հեռացնեն դատական նիստերի դահլիճից, փաստաբանն էլ չի մնա. «Հարգելի Ինեսա Պետրոսյան ջան, չնեղանաս»։