Աֆրիկյանների քանդումն անօրինական է. Մշակույթի նախարարության ներկայացուցիչ (տեսանյութ)
ՀՀ Հանրային խորհրդում քննարկվեց Աֆրիկյանների ակումբի շենքի պահպանման հարցը։ Քննարկմանը ներկա էին ճարտարապետներ, նախկին Բուզանդի բնակիչ, մշակույթի նախարարության ներկայացուցիչ։ Քննարկմանը հրավիրված էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի եւ ՀՀ քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչներ, որոնք չէին ներկայացել քննարկմանը։ Մշակույթի նախարարության պատմության եւ մշակույթի պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանն ասաց. «Մենք գտնում ենք, որ անօրինական է քանդումը, եւ ոչ մի օրենքի չի համապատասխանում։ «Միլենիումը» «Դվին հոլդինգի» իրավահաջորդն է, որի համար սա ուղղակի բիզնես ծրագիր է եւ դրա համար էլ սկսվեց ապամոնտաժումը, չնայած որ կառավարության որոշումով քաղաքապետարանի կողմից ոչ թե ապամոնտաժման, այլ քանդման թույլտվություն էր եկել»։ Կարո Այվազյանը նշեց, որ 300–ից ավելի քար կա ապամոնտաժված, և որ բոլոր քարերը օգտագործելու են։ Մշակույթի նախարարության ներկայացուցիչը նշեց, որ հուշարձանը քանդվում է, որպեսզի փողոցը լայնանա, չնայած որ տեղը այլ շենք է լինելու։ Բուզանդի նախկին բնակիչ Սեդրակ Բաղդասարյանի խոսքերով՝ հուշարձանի քանդումն անընդունելի է. «Ինչպես փակ շուկայի դեպքում եղավ, այնպես էլ Աֆրիկյանների շենքի դեպքում են անելու»։ Ճարտարապետ Լեւոն Ներսիսյանն էլ հավելեց. «Մեր հուշարձաններն անտեր են։ Պետք է կարողանանք տեր կանգնել, իսկ դրա համար հարկավոր է ստեղծել համապատասխան ինստիտուտներ, որպեսզի քննարկումներ լինեն»։ Հանձնաժողովի անունից նամակ–որոշում կուղարկվի քաղաքաշինության եւ Մշակույթի նախարարություններ. նամակում հանձնաժողովի անդամները նշել են, որ շենքը քանդելու հետ իրենք համաձայն չեն։