26 տարի առանց կենցաղային տարրական պայմանների են ապրում (տեսանյութ)
Վթարայի շենք, կիսաքանդ ու խոնավացած պատեր եւ կենցաղային պայմանների իսպառ բացակայություն. 26 տարի է՝ ադրբեջանահայ փախստականները գոյատեւում են այս պայմաններում. «Խոնավությունից սաղ պատերը թափվումա, էս խալու հետեւը սեւ բորբոսա»,- ասում է հանրակացարանի բնակիչ Ամելյանց Անյան։ Ադրբեջանահայ փախստական Ղազարյան Ֆլորիդան էլ պատմում է, որ անգամ լողանալ իրենք հանգիստ չեն կարող. «Ջուր չկա, լողանալու տեղ չկա, մի սենյակի մեջ է, մեկը դուռը ծեծումա, կանգնում ես մնում ես, չգիտես ինչ անես»։ Ադրբեջանի տեղահանված հայերը վստահեցնում են, որ պետությունից երբեք ֆինանսական աջակցություն չեն ստացել, իսկ բնակարանային պայմանները օրեցօր դառնում են անտանելի։ Հատկապես հորդառատ անձրեւների ժամանակ ջուրը այնքան է տուն լցվում, որ բնակիչները իրենց դրսում են զգում. «Մի քիչ անձրեւա գալիս, մենք էստեղ ջրի մեջ պարում ենք, ախ ենք անում, որ անձրեւ չգա»,- ասում է փախստական Հակոբյան Զինաիդան։ 2003 թվականից ադրբեջանահայ փախստականներով բնակեցված այս շենքը սեփականաշնորհվել է։ Նոր տերը խոստացել է հոգալ վերաբնակեցման հարցերը։ Արդեն 11 տարի է անցել, նրանք ոչ մի փոփոխություն չեն տեսել։ Այս տարվա սաստիկ ձմեռվանից հետո կառավարության որոշմամբ կրկին աշխատանքային խումբ է ստեղծվել փախստականների խնդիրներով զբաղվելու համար, սակայն կրկին անօգուտ. «Եկել են, տեսել ու հստակ ասել, որ մինչեւ ապրիլի 20-ը կլուծեն մեր խնդիրը։ Մինչեւ այսօր ոչ մի բան չեն արել, զանգում ենք, ասում են դեռ չենք որոշել»,- ասում է Ռիմա Աբովյանը։ Բացի ծանր կենցաղային պայմաններից, նրանց կյանքը գարշահոտությամբ են լցնում նաեւ հանրակացարանի հարեւանությամբ տեղադրված աղբարկղերը, որտեղից աղբը օրերով չեն տանում։