Դեսպաններն ու գործարարները կմասնակցեն հեծանվավազքին
Երեւանի քաղաքապետարանը, «Ջի Էմ Ջի մեդիա գրուպ» ընկերությունը եւ Հեծանվահրապարակը 2014 թվականի հուլիսի 5-ին կազմակերպում են հեծանվավազքի մրցույթ: Մրցույթը նվիրված է Սահմանադրության օրվան: Նախագծի հիմնական գաղափարն է առողջ ապրելակերպը, թիմային շփումը, հաղթելու եւ առաջ գնալու պատրաստակամությունը: Նախագիծը նպատակաուղղված է մարդկանց կտրելու իրենց առօրյա գործերից` հնարավորություն տալով ներկայացնելու իրենց սպորտային ունակությունները` քաղաքին հաղորդելով առողջ սպորտային մթնոլորտ: Հեծանվավազքին մասնակցում են գործարարներ, նախարարության եւ դեսպանատների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ՀՀ-ում Հնդկաստանի եւ Բրազիլիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանները: Առաջին երեք տեղերը զբաղեցրած անձիք կշահեն մրցանակներ: Մնացած բոլոր մասնակիցներին կտրվեն խրախուսական պատվոգրեր: Հեծանվավազքը սկիզբ է առնելու Մատենադարանից, Մաշտոցի պողոտայով դեպի Ամիրյան փողոց, ավարտվելու է Հանրապետության հրապարակում: Մեկնարկը` ժամը 18:00: