Հայ կինոարտադրողները կինտեգրվեն Եվրոպային (տեսանյութ)
Զարգացման երեք դրամաշնորհի համար այս տարի «Ոսկե Ծիրան» փառատոնի «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրում կմրցի 14 նախագիծ, որոնք ընտրվել են ներկայացված 24-ից։ Առաջին մրցանակակիրը կստանա 5000 եվրո, երկրորդ եւ երրորդ տեղերը՝ 3500- ական եվրո՝ իրենց նախագծերն իրականություն դարձնելու համար։ «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագիրը հիմնադրվել է 2011 թ. Եվրամիության աջակցությամբ և նպատակ ունի միավորել Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում: «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանի խոսքով, նման ծրագրերը, արտադրական հարթակները կարևոր են ցանկացած փառատոնի համար. «Վերջին տասնամյակում կարևորագույն փառատոնները ստեղծել են նման արտադրական հարթակներ, որովհետեւ ավելացել է փառատոնների՝ որպես կինոարտադրություն խթանող, կազմակերպությունների դերը»: Տիկին Հարությունյանի հավաստմամբ, այս ծրագրի շնորհիվ հայ կինոարտադրողները, երիտասարդ ռեժիսորներն ու պրոդյուսերները կարող են ինտեգրվել եվրոպական կինոարտադրության պրոցեսում. «Այսպիսով` նաև Երեւանը եւ «Ոսկե Ծիրանը» տարածաշրջանում կարող են դառնալ կարեւորագույն հարթակ, որտեղ եփվում են կինոնախագծեր, որտեղից էլ բացվում է ճանապարհ տարբեր կինոնախագծերի համար եւ դրանց օրինակները մենք արդեն ունենք»։ Նախագծի 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը տեղի է ունենալու հուլիսի 15-17-ը։Նպատակն է աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի համատեղ արտադրությանը: