Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ո՞վ է հարվածում գյուղացու գրպանին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
hqdefault

Երեկոյան ժամերին գրանցվող քամու պատճառով Արմավիրի մարզի Արտիմետ գյուղի բնակչուհի Անժելա Գունայանը վարկառու է դարձել։ Ուժեղ քամին քանդել է նրա վարունգի ջերմոցը։ Գյուղացին ստիպված կրկնակի ծախս է կատարել՝ քանդված ջերմոցի ծածկը վերականգնելու համար։ Նույն ջերմոցից ստացած վարունգը այժմ լավ չի վաճառվում և արտիմետցի հողագործը հայտնվել է անելանելի վիճակում. «Քամու պատճառով կրկնակի ծախս դրեցի, վարունգն էլ ուշացավ, հիմա էլ շուկայում լճացում ա, միրգը դուրս ա եկել, էլ բանջարեղեն առնող չկա», - նկատում է գյուղացին։ Այս տարվա ստացած բերքից Անժելա Գունայանը գոհ է։ Ասում է՝ չարչարանքն ու ներդրած ծախսերն իրենց արդյունքը տվել են, սակայն նույնը չի կարող ասել եկամուտի մասին։ Նրա խոսքով՝ ինքը կկարողանա բարձր եկամուտ ստանալ, եթե վերավաճառողն իր գործին չհարվածի. «Վերավաճառողներն իմ գրպանին են խփում, որովհետև ես մեծ գումարներ եմ դնում, բայց չեմ կարողանում բարձր գնով ծախեմ», - ասաց Գունայանը։ Նա վստահ է, որ եկամուտով կաշխատեր, եթե շուկայում իր ապրանքը վաճառողը գյուղացին լիներ։ Վերավաճառողներից դժգոհ է նաև Արմավիրի մարզի Ակնաշեն գյուղի բնակիչ Խաչիկ Պետրոսյանը։ Հողի մշակն ընդգծում է, որ հենց վերավաճառողի թեթև ձեռքով է շուկայում հայտնվող գյուղմթերքի գները ուռճանում. «Ինձանից 350 դրամով բիբար առնում են՝ տանելու են 650-ով ծախեն»։ Իսկ հողագործությունից հիասթափված Հայթաղ գյուղի բնակիչների մի մասը մտադիր է բռնել արտագաղթի ճանապարհը։ Հող մշակելով նրանք այլեւս չեն կարողանում գոյատեւել. «Պաշտոնյաները մենակ իրենց տակն են լցնում ու հայտարարում, որ բարելավում են անում, ի՞նչ են բարելավում՝ 5 տարին մեկ անգամ թոշակը 1000 դրամով բարձրացնում են ու գազն ու հոսանքը թանկացնում»,- դժգոհում է Արմավիրի մարզի բնակիչը։