Որոշ դաշտերում տարածում է գտել «Ճրագախոտ» պարազիտ մոլախոտը
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ Արմավիրի մարզի Սարդարապատի համայնքի լոլիկի և սմբուկի առանձին դաշտերում տարածում է գտել «Ճրագախոտ» (Заразиха, Orobanche) պարազիտ մոլախոտը: Հուլիսի 3-ին ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը Արմավիրի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Լևոն Ալեքսանյանի, Արմավիրի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետ Արթուր Այվազյանի և Սարդարապատի համայնքի ղեկավար Բաբկեն Վարդանյանի ուղեկցությամբ եղել է նշած դաշտերում, ծանոթացել իրավիճակին և տվել մասնագիտական որոշ ցուցումներ: Նախարարությունը տեղեկացնում է նաև, որ ամբողջ աշխարհում նշված մոլախոտի դեմ քիմիական պայքարի արդյունավետ միջոցները խիստ սահմանափակ են և յուրաքանչյուրի կիրառման դեպքում լրացուցիչ ուսումնասիրությունների կարիք է առաջանում: Ճրագախոտի դեմ պայքարի լավագույն միջոցը ցանքաշրջանառության իրականացումն է, ճիշտ ագրոտեխնիկայի կիրառումը (ինչը մեզ մոտ հիմնականում չի ապահովվում), ինչպես նաև մոլախոտի նկատմամբ դիմացկուն սորտերի մշակությունը: Ընդունված է նաև սադրիչ (պրովոկացիոն) մեթոդը, երբ դաշտում կատարվում է տեր բույսի (վնասվող բույսի) խիտ ցանք, նպաստավոր պայմաններ է ստեղծվում մոլախոտի սերմերի մասսայական ծլարձակման համար, ապա կատարվում վար կամ քիմիական պայքար հերբիցիդների միջոցով: Ներկայումս նախարարության մասնագետները զբաղվում են խնդրով և նոր լուծումների հնարավորության դեպքում տեղում կձեռնարկվեն համապատասխան քայլեր: ՀՀ գյուղատնտեսության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժին