Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնիսաժի գործով»՝ եվրոպական դատարան (տեսանյութ)

Հասարակություն
unnamed3

Մայիսի 17-ին՝ Վերնիսաժի մոտ Վարդանանց փողոցում հնչած կրակոցների ընթացքում վնասվածք ստացած Վալերի Հովհաննիսյանը կալանավորված է։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Վալերի Հովհաննիսյանի փաստաբան Լևոն Բարսեղյանը. «Հուլիսի 3-ին գործը վարող քննիչը ձերբակալման արձանագրություն է գրել, և արդեն հուլիսի 4-ին ոստիկանները հայտնվել են հիվանդանոցում։ Քննիչից փորձում եմ հասկանալ, արդյոք իմ պաշտպանյալը ի վիճակի՞ է ենթարկվել քննչական գործողությունների, երբ գտնվում է նման վիճակում։ Բժիշկը նույնպես տալիս է գրավոր տեղեկանք Վալերիի ծանր դրության մասին, բայց դա ոչինչ չի փոխում, հայտնվում է շտապօգնության բրիգադը և Վալերիին տանում դատարան»,-պատմեց փաստաբանը։ Պարոն Բարսեղյանը վստահեցնում է, որ իր պաշտպանյալը եղել է ծայրահեղ ծանր վիճակում. «Վալերին կողքից աղիքը բաց վիճակում, ճնշումը բարձր, բացարձակ չի հասկանում, թե ինչ է կատարվում, և նրան նման վիճակով՝պատգարակի վրա տանում են Կենտրոն և Նորք- Մարաշի վարչական դատարան։ Նախագահող դատավոր Ավետիսյան Էդիկը հարց է տալիս, որպեսզի ճշտի անուն ազգանունը, պաշտպանյալս այնքան վատ է զգում, որ չի կարողանում պատասխանել։ Նման պայմաններում չորս ժամ դատը ընթացավ, որից հետո դատարանը որոշեց, որ խափանման միջոցը պետք է լինի կալանքը»։ Փաստաբանը դատարանի գործողությունները նման պայմաններում համարում է անօրինական. «Եթե անձը չի գիտակցում, թե ինչու են իրեն մեղադրում և չի կարողանում արձագանքել, ու դատարանը դատաքննություն է անցկացնում ու նման որոշում կայացնում, դա ոչ միայն օրինաչափ չէ, այլ նաև հակասում եվրոպական կոնվենցիայի և մեր հիմնական օրենքի դրույթներին»։ Լևոն Բարսեղյանը ոչ մի կերպ չի հասկանում լիազոր մարմինների նման գործողությունների դրդապատճառը, բայց խոստանում է, որ դա անպատիժ չի մնա. «Ո՞վ է տեսել պատգարակի վրա պառկած մարդու գործ քննեն։ Այս հրատապությունը, այս անօրինական գործողությունները բերում են նրան, որ իմ կարծիքով լիազոր մարմինները ինչ-որ գործառույթներ են ուզում իրականացնել, չգիտեմ թե ինչ։ Այս էպիզոդի հետ կապված մենք առանձին գնալու ենք անգամ եվրոպական դատարան»,-նշեց նա։