Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայուհիները զարմացնում են ԱՄՆ-ում՝ քանոնը ծնկին դնելով (տեսանյութ)

Մշակույթ
44556

ԱՄՆ-ում՝  տարբեր համերգներում, արդեն մի քանի տարի է` հնչում է քանոնի ձայնը։ Որպես կանոն ներկաները զարմանում են, հետո ափսոսանք հայտնում, որ այդ գեղեցիկ գործիքի մասին ԱՄՆ-ում շատ քչերը գիտեն։ Երաժշտասերներին քանոնի նվագը հասցնում են 14-ամյա Լիլյա եւ Ալեքսանդրա Եարալեանները։ Իսկ ամեն ինչ սկսվել է նրանից, երբ ընտանիքի հայրը՝ գրականագետ Սեւակ Եարալեանը, Հայաստան մեկնող կնոջը խնդրել է վերադառնալ քանոնով։ Հետո քանոնի հանդեպ  սերը փոխանցել է դուստրերին,որոնք հոր շնորհիվ արդեն սիրում էին հայկական ու հատկապես Կոմիտասի երաժշտությունը։ Լիլյա եւ Ալեքսանդրա Եարալեանները սովորում են Լոս Անջելեսի Մարի Մանուկեան- Տեմիրճեան վարժարանի 9-րդ դասարանում։ Երաժշտությամբ զբաղվում են մանկուց. վոկալի եւ դաշնամուրի դասերի են հաճախել։ Երբ Հայաստանից երկրորդ քանոնն է հասել ԱՄՆ, առաջացել է նոր խնդիր՝ ուսուցիչ գտնելը։ Բայց, ինչպես պատմում է աղջիկների մայրը՝ Աննան, իրենց բախտը բերել է. գտել են հիանալի ուսուցչի՝ Կոմիտասի անվան Երեւանի պետական կոնսերվատորիայի շրջանավարտ Լիլիթ Խոջայանին, ով արդեն երրորդ տարին է աղջիկներին ուսուցանում է քանոնի հմտությունները։ Աղջիկներն այս պահին պատրաստվում են հերթական երաժշտական մրցույթին. քանոնի լարերից հնչելու է Մոցարտ եւ Կոմիտաս։