Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սայաթ-Նովա 10, 12-ի բնակիչները բոյկոտել են դատը

Հասարակություն
6e8920057d4776f65627f2c7af914181

Սայաթ-Նովա 10-12 հասցեների բնակիչները հույսները կտրել են դատական ատյաններից։ Հիշեցնենք, այս հասցեում նախկին կաթսայատան տեղում «Լարկո գրուպ» ընկերությունը կառուցում է բազմաֆունկցիոնալ շենք, բնակիչների խոսքերով՝ շինարարներն արդեն հասել են 4-րդ հարկի կառուցմանը։ Բնակիչները վերջերս գնացել են Վարչական դատարան և ետ վերցրել իրենց դիմումները. «Մենք գնացինք ու բոյկոտեցինք դատը, որովհետև անհարկի ձգվում էր, հետո էլ բոլորին էլ հայտնի է, որ դատարաններն այսօր չեն ծառայում ժողովրդին»,- «Ա1+»-ի հետ հեռախոսազրույցում նշեց շինարարության դեմ պայքարող Սայաթ-Նովա 10-ի բնակիչ Անդրանիկ սարկավագ Մանուկյանի կինը՝ Սյուզաննա Հովհաննիսյանը։ Նա նաև տեղեկացրեց, որ ներկայումս շինարարներն իրենց բակում տուն են վարձել և մշտապես խնդիրներ են առաջացնում բնակիչների համար. «Հենց որ հյուրեր ենք ընդունում, մեքենան կայանում են շենքի մոտ, նրանք գալիս են մեր տուն ու ասում, որ մեքենան այլ տեղ կայանեն, խանգարում ենք իրենց։ Մշտապես կոնֆլիկտեր են առաջանում այդ բանվորների ղեկավարների հետ, անընդհատ ամուսնուս համար շտապօգնություն ենք կանչում, ներվերը չեն դիմանում, այդ մարդիկ վիրավորում են նրան, անգամ ասում են՝ «դու սարկավագ ես, մենք կաթողիկոս», նույնիսկ հայհոյում են»,- վրդովված պատմեց կինը։