Ինչու են երիտասարդներն սկսել ուշ ամուսնանալ (տեսանյութ)
Հայաստանում երիտասարդության շրջանում աղքատության մակարդակն ավելի բարձր է, քան երկրի միջին ցուցանիշը, որը կազմում է երեսուներկու տոկոս: Հայաստանում գործազուրկ է մինչեւ քսանչորս տարեկանների քառասուն տոկոսը: Այս տվյալներն այսօր հայտնեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Նրա խոսքով՝ Հայաստանում ամուսնացած չէ քսանյոթից քսանինը տարեկանների մեկ քառորդը: Գարիկ Հայրապետյանը նշեց, որ ամուսնության տարիքի միջին շեմը փոխվել է. «Եթե ամուսնության միջին տարիքը կանանց մոտ քսաներկուսն էր, ապա վերջին տարիներին աղջիկների ամուսնության տարիքը սկսում է քսանհինգից, տղաների համար ամուսնության միջին քսանվեցը դարձել է քսանութ», - տեղեկացրեց ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը: Վերջինս ասաց, որ աղջիկները հիմնականում չեն ամուսնանում այն պատճառով, որ չեն կարողանում գտնել իրենց համար ճիշտ կողակից, իսկ տղաները չեն ամուսնանում՝ հիմնականում սոցիալական պայմաններից ելնելով: Գարիկ Հայրապետյանը նաեւ հայտնեց, որ աշխարհի բնակչության թիվը նախորդ տարիների համեմատ աճել է, սակայն նա միաժամանակ ընդգծեց, որ այդ աճի տեմպերը կնվազեն, քանի որ աշխարհում նկատվում է ծնելիության կտրուկ նվազում: ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի գործադիր ներկայացուցիչն ասաց, որ աշխարհի բնակչության մեծ մասը կազմում են մինչեւ քսանչորս տարեկան երիտասարդները: Թեեւ այդ երիտասարդները կանգնած են բազմաթիվ խնդիրների առջեւ՝ նրանք չունեն լիարժեք կրթություն ստանալու եւ աշխատանքի հնարավորություն: Հայրապետյանը շեշտեց, որ աշխարհի երիտասարդության մեծ մասը կանգնած է գործազրկության առջեւ: Ի դեպ, 1987 թվականի հուլիսի 11-ին,ՄԱԿ-ի տվյալներով, աշխարհի բնակչությունը հասել է մոտ 5 միլիարդի: Այդ օրը պայմանականորեն անվանել են Հինգ միլիարդի օր: Երկու տարի անց, 1989 թվականին ՄԱԿ-ն այս օրը հռչակեց Աշխարհի բնակչության համաշխարհային օր: