Թուրքիայում եռագույնն է ծածանելու
Հունիսի 22-ին դասական մեներգիչ Կարեն Զոհրաբյանն Իտալիայի «Մարուչինո» օպերային թատրոնի տասներորդ միջազգային մրցույթ- փառատոնին արժանացել է ոսկե մեդալի: Սա մեներգչի արդեն 8-րդ հաղթանակն է միջազգային մրցույթներում։ Կարեն Զոհրաբյանը իր ձայնով, գրավել է տարբեր երկրների հանդիսատես ու պրոֆեսիոնալների սիրտը ու անգամ ստացել է աշխատանքային հրավերներ տարբեր երկրներից. «Իսպանիայում Ֆլամինգո խումբը, որը նաև օպերային կատարումներով է հանդես գալիս, համագործակցության առաջարկ է արել, սակայն ես չեմ ընդունել, քանի որ չեմ կարողանում ուրիշ երկրում ապրել, իմ արևաշող Հայաստանը իմ համար ամենալավ երկիրն է»,- ասաց մեներգիչը։ Կարեն Զոհրաբյանը, սակայն, ցավով է նշում, որ ՀՀ Մշակույթի նախարարությունը նրան ոչնչով չի աջակցում, որպեսզի, նա էլ ավելի եռանդով աշխատի իր հայրենիքում. «Նախարարի կողմից 2012 թվականին շնորհակալագրի եմ արժանացել, սակայն երբ դիմել եմ աջակցություն ստանալու խնդրանքով, հարցը չի լուծվել»։ Շատ երկրներում արդեն հայտնի մեներգիչը մենահամերգով հանդես գալու հրավեր է ստացել նաեւ Թուրքիայից եւ պատրաստվում է շուտով մեկնել Մարմարիս և Սիդեն քաղաքներ. «Թուրքիայում մեծ գործ ունեմ անելու։Ուզում եմ այնտեղ երգեմ «Անին», «Կիլիկիան», մեր եռագույն դրոշը ծածանեմ: Ես չգիտեմ իմ մեջ ինչն է խոսում, սակայն երբ տեսնում եմ հակառակորդներին, ավելի եմ ոգևորվում և հաղթանակն իմ կողմն է լինում»: