Ըստ Վարդան Պետրոսյանի՝ այս պատմությունը իր ու վերևների մեջ է. Փաստինֆո
«Այս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է»,- այսօր դատարանում հայտարարեց Վարդան Պետրոսյանը՝ արձագանքելով տուժողի իրավահաջորդների շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանի այն դիտարկմանը, թե նախկինում քննիչը հարցաքննություն չէր անցկացնում մինչև զոհերի մահվան 40 օրը լրանալը: Բանն այն է, որ երբ դատարանում հիշատակվեցին մամուլում առկա տուժողների մի շարք հարցազրույցներ, որոնցում հակասական տեղեկություններ կային, Ռուբեն Բալոյանը մասնավորապես տուժող Արթուր Հակոբյանի հարցաքննության վերաբերյալ հայտարարեց, որ այն անցկացվել է դեպքից 2 օր անց, երբ տուժողը նոր էր տեղեկացել 2 երեխաների մահվան մասին: Հենց այս խոսքից հետո էլ Վարդան Պետրոսյանը հայտարարեց, որ համաձայն է Ռ.Բալոյանի այն խոսքին, որ դեպքից անմիջապես հետո մարդուն չի կարելի հարցաքննել: «Իսկ ինչու՞ է քննիչը շտապել հարցաքննել Արթուրին, որովհետև պետք էր ինձ քարշ տալ դատարան,- ասաց Վարդան Պետրոսյանը՝ հավելելով,- որովհետև այս պատմությունը իմ ու Հակոբյանների մեջ չէ, իմ ու վերևների մեջ է»: Ի դեպ, դատարանում այսօր Ռուբեն Բալոյանը հերթական անգամ հայտարարեց, որ Վարդան Պետրոսյանը վթարից առաջ ալկոհոլ է օգտագործել և միջնորդեց դատարան վկայակոչել «Հ2» հեռուստաընկերության «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին՝ Սուրեն Շահվերդյանին և Դավիթ Վարդանյանին: Ավելին՝ այստեղ