Հարսնացուն չի բողոքել. 100000 դրամով կարող էր հարցը փակվել (տեսանյութ)
14 տարեկանը, իհարկե, շատ շուտ է ամուսնության համար եւ խրախուսելի չէ, բայց այս դեպքը երեւի անհատական՝ կողմնապահ մոտեցում է ունեցել։ Այսօր «Ա1+»-ի հետ զրույցում հայտարարեց «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազը՝ անդրադառնալով ազգությամբ եզդի Էդիկ Ազմանյանի նկատմամբ կայացված դատավճռին, ըստ որի նա դատապարտվել է 4 տարով՝ անչափահաս աղջկան փախցնելու համար. «Ասում եմ կողմնապահություն, քանի որ նման դեպքեր Հայաստանում շատ են եղել, բայց նրանք ոչ թե դատապարտվել են, այլ 100,000 դրամ տուգանք են վճարել»։ Ըստ Բորիս Մուրազիի՝ 4 տարի ազատազրկումը չափից դուրս խիստ որոշում է, քանի որ աղջիկը անգամ չի բողոքել։ Ի դեպ, դատապարտված տղայի ծնողները որոշել են հացադուլ անել Հանրապետության հրապարակում , իրենց տղայի իրավունքները պաշտպանելու համար։ Բորիս Մուրազը տղայի ծնողների խորհուրդ չի տալիս նման քայլի դիմել՝ հիշեցնելով , որ Հայաստանում նման միջոցներով խնդիրներ չեն լուծվում. «Պետք է ուղղակի փաստաբան վարձել եւ փաստերով ապացուցել, որ նման դեպքեր էլի են եղել ու այլ լուծում են ստացել»։