Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Եղանով, կացինով, խանչալով, մի բանով պիտի պահեմ, ուզած չուզած» (տեսանյութ)

Հասարակություն
dirqer

Այս մարդիկ հանգստանում են հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա ։ Դիրքերում խաղաղությունը վերաբերվում է միայն այս շանը ։Պայմանագրային զինծառայողը մոտակա գյուղից է, անցյալ դարի 92 թվականից է կանգնած խաղաղության եւ պատերազմի արանքը «Էն 92 թվերին եղել ա, վախտ ա եղել՝ մարդիկ իրանց ընտանիքը փախցրել են Երեւան, Աբովյան, բայց իմը մնացել ա, երեխեն՝ խտտին, մնացել ա իրա տանը, իրա հարեւանի տանը»։ Շարքային Բեգյանը դիտակետից աչքը չի կտրում։ Տավուշի մարզի այս հատվածում սահմանային միջադեպերը հաճախակի չեն, տեղանքը ադրբեջանցիներին չի ոգեւորում, դժվար է առաջանալը։ Դիվերսիայի երկու փորձ է կանխել այս փոքրամարմին հայ զինվորը «Մեկը մի անգամ ենք բռնել, մեկը՝ մի քանի ամսից»։ Դիրքերում գրեթե բոլոր բառերը նույնությամբ հնչել են հրադադարի բոլոր տարիներին։ Սպաները նույն բառերն ասում են ավելի համարձակ «Եթե Ադրբեջանը իրա բանակի վրա վստահ ա եւ կարա ռազմական ճանապարհով իրա հարցերը լուծի, եթե էդքան դուխ ունի, կարա հենց վաղն էլ պատերազմ սկսի»։ Սահման ասվածը Տավուշի մարզում ավելի շոշափելի է, քան՝ թիկունքը։ Կրակոցները հնչում են գրեթե ամեն ժամ։ Զինվորների հայացքը դժվար է կտրել սահմանի մյուս կողմից իմանալու համար, թե հնարավո՞ր է հայերի եւ ադրբեջանցիների խաղաղ համակեցությունը «Ադրբեջանը իրան էն ձեւ պահում ա, որ ոնց որ մենք տենում ենք, ինքը խաղաղություն չի ուզում: Իրենք դավադիր ժողովուրդ են, հողի գերի, հողի մոլուցք ունեցող»: Խաղաղ դեմքով այս զինվորը երեք զավակի հայր է, ավելի հեշտ է ասում նույն բառերը՝ մենք պատրաստ ենք հակադարձելու հակառակորդին, թիկունքի ժողովուրդը թող հանգիստ լինի «Մեր ազգաբնակչությունը թող խուճապի չմատնվի, մեր բանակը պատրաստ է կատարել իր առջեւ դրված յուրաքանչյուր խնդիր»։ Դիրքերում ոչ ոք շատախոս չէ, արգելված թեմաների եւ արգելված կադրերի պակաս չկա։ Նկարահանել կարելի է միայն խոշոր պլանի իրերը։ Բլինդաժում այդ մասին զինվորին զգուշացնում է հատուկ պաստառը։ Թշնամին չպետք է ճանաչի ծանոթ տեսադաշտը՝ անտառը, նրա միջով հոսող գետը։ Դիտակետը սակայն թշնամու աչքի առաջ է։ Նկարել կարելի է։ Կարճ հանգստյան պահերը նույնպես կարելի է նկարել, ավելին, կարելի է հյուրընկալել երիտասարդների եւ հյուրասիրել։ Շարքային Բեգյանն ավարտում էր իր հերթափոխը, ծիծաղում է եւ խոսում ցանկացած միջոցով Հայրենիք պաշտպանելու եղանակների մասին «Եղանով, կացինով, խանչալով, մի բանով պիտի պահեմ, ուզած չուզած»։