«Մի ամբողջ երկիր վստահում ենք ՊՆ-ին, մի շենք չե՞նք վստահում» Լեւոն Իգիթյան (տեսանյութ)
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բեռ է դառնալու Պաշտպանության նախարարության համար՝ կարծում է քանդակագործ Ֆերդինանտ Առաքելյանը։ Նա զարմացած է, թե ինչու համալիրը հանձնվեց հենց Պաշտպանության նախարարությանը. «ՊՆ-ին են տվել, որովհետև միակ հզոր նախարարությունը դա է։ Ես կուզենայի, որ ՊՆ ավելի շատ զենք առներ, զինվորներին լավ հագուստ ու կերակուր տրամադրեր», - ասաց Ֆերդինանտ Առաքելյանը։ Քանդակագործը մտահոգված է, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի տարածքում մի քանի տարի անց կարող է խանութ կամ ռեստորան լինել.«Ես և մնացած քանդակագործները տառապել ենք շենքի վրա, ցավում եմ, որ հիմա բոլորը էդ շենքի տերն են, բացի մեզանից», - նշեց նա։ Ճարտարապետ, Երեւան քաղաքի ավագանու անդամ Լեւոն Իգիթյանի համար միևնույն է, թե ում է պատկանում Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը։ Ըստ նրա՝ կարևորն այն է, որ շենքը ծառայի իր նպատակին. «Ինձ համար միևնույն է, թե համալիրը ինչ գերատեսչության է պատկանում՝ մասնավորի ձեռքին է, մեկ ուրիշի։ Կարևորն այն է, որ այդ շենքը ծառայի այն նպատակին, ինչի համար, որ կառուցվել է», - նշեց նաև և հավելեց՝ մենք մի ամբողջ երկիր վստահում ենք ՊՆ-ին, մի շենք չե՞նք վստահում։