Մելիքգյուղի բնակիչները չեն հավատում «Մեգո-Գոլդ»-ի խոստումներին. Էկոլուր
ՀՀ Արագածոտնի մարզի Մելիքգյուղ համայնքում սեպտեմբերի 10-ին անցկացվեցին Թուխմանուկի ոսկու հանքավայրի /կենտրոնական տեղամաս/ շահագործման նախագծի վերաբերյալ հասարակական լսումները: «Այսօր քննարկում ենք հանքավայրի զարգացման առաջին փուլը, որը ներգրավելու է 6 տարի: Այդ տարիների ընթացքում հանքաքարը պետք է բերվի բացահանքից, նորացված ֆաբրիկայում պետք է վերամշակվի առանց թունաքիմիկատների և պետք է արտադրվի կոնցենտրատ: Ուրիշ ոչինչ չի արտադրվելու, բացի կոնցետրատից», - ասաց «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի տնօրեն Աշոտ Պողոսյանը՝ նշելով, որ հաստատված պաշարներով հանքավայրում կա 19 միլիոն տոննա հանքաքար: «Տարածքը գտնվում է 9 բալ սեյսմիկ գոտում: Հիմնական ջրհոսքը՝ Գետիկ գետն է: Ջրերի վրա ազդեցությունը կախված է միայն կախյալ նյութերի հետ», - ասաց նախագծող ընկերության՝ «Ակունք-ֆիրմա» ՍՊԸ-ի տնօրեն Հովհաննես Նիկողոսյան: Վերջինիս խոսքով՝ հանքավայրի տարածքում կենդանական աշխարհը բավականին աղքատ է: «Շատ հազվադեպ կենդանիներ ենք տեսել, կրծողների բներ ենք տեսել, բայց դրանք լքված բներ են», - նշեց Հ. Նիկողոսյանը: Մելիքգյուղի համայնքապետ Հակոբ Մկրտչյանը համայնքի անունից «Մեգո-Գոլդ» -ին ներկայացրեց որոշ պահանջներ: «Տարիներ շարունակ խոստումներ եղել են, բայց մնացել են անհետևանք: Մեր համայնքի անունից ներկայացնում եմ պահանջներ՝ կապված սոցիալական ծրագրերի իրականացման հետ: Առաջին հարցը, պարոն Պողոսյան, եթե, իհարկե, համայնքը որոշի, և դուք աշխատեք, մինչև հոկտեմբերի երկրորդ կեսը խիստ անհրաժեշտ է խմելու ջրի ջրատարի անցկացումը: Երկրորդ պայմանը՝ ոռոգման համար համայնքի վերևի մասում պետք է կառուցվի ջրամբար, այսինքն գյոլ՝ 300 000 խմ տարողությամբ: Դա ծախսատար չէ: Հետո, ներքին ցանցի գլխավոր մագիստրալի վերանորոգման աշխատանքները, որովհետև շատ անմխիթար վիճակում է: Նաև ժամանակն է մեր մայրուղին միացնող ճանապարհի կապիտալ հարցերի մասին մտածել» ,- ներկայացրեց Հակոբ Մկրտչյանը: Ի տարբերություն համայնքապետի, Մելիքգյուղի բնակիչները խոսեցին ոչ թե իրենց համայնքի կարիքների, այլ նախագծի վտանգների մասին: «Ըստ երկրաբանական և բնապահպանական տվյալների՝ պոչամբարը, երբ լցվում է, պետք է հողի հաստ շերտով ծածկվի և ցանկապատվի, որպեսզի անասուն, մարդ չգնա: Առաջինը լցվեց, այդպես մնաց, երկրորդը լցվեց…մի կաթ անձրև որ գալիս է, էդ հեղեղվում, լցվում է գետը, էդ գետն էլ մենք ենք օգտագործում…մենք Թուրքիային մեղադրում ենք, որ ցեղասպանություն է եղել…ցեղասպանությունը հիմա է», - ասաց համայնքի տարեց բնակիչներից մեկը: Ավելին՝ «Էկոլուր»-ում