«Ամեն մարդ պետք է գտնի իր խաղալիքը» (տեսանյութ)
Մեկ շաբաթ շարունակ Quest TimeCafe-ում կցուցադրվեն երիտասարդ նկարիչ Վահե Հակոբյանի կտավները: 24- ամյա Վահեն նկարել է դեռ փոքր հասակից, սակայն վճարունակ չլինելու պատճառով չի կարողացել ավարտել Գեղարվեստի Ազգային պետական ակադեմիան. «Ինձ ոգեշնչում է կյանքը, մարդիկ, նրանց գործողությունները, երաժշտությունը: Ինձ չեմ ստիպում նկարել, նկարում եմ միայն այն ժամանակ, երբ ուզում եմ: Իմ արվեստը մեկ բառով կոչվում է զգացմունք»: Վահեն, որ նաև բազմաթիվ ինքնանկարների հեղինակ է, խոստովանում է, որ տարբեր տարիներին իրեն պատկերող կտավների մի ամբողջ շարք ունի. «Երբ սկսեցի նկարել, սկզբում ինձ էի նկարում, ուղղակի որպես բնորդ, սակայն հետագայում դրանց թիվը շատացավ ու իմ ինքնանկարները նախևառաջ դարձան իմ հոգեվիճակը պատկերելու միջոց»: Երիտասարդ նկարիչը անկեղծանում է՝ այսօր միայն մի երազանք ունի. «Ընկերներիցս մեկի պապն ասում էր՝ամեն մարդ պետք է գտնի կյանքում իր խաղալիքը ու զբաղվի միայն իր սիրած գործով: Ես այսօր աշխատում եմ և նկարելուն քիչ ժամանակ է մնում:Ուզում եմ զբաղվել միայն նկարչությամբ, որովհետև դա իմ խաղալիքն է, իմ կյանքը, իմ պահանջմունքը ու չմտածել կտավներս վաճառելու կամ չվաճառվելու մասին, քանի որ արվեստը հոգու պահանջմունք է »: Բազմաթիվ դժվարություններ հաղթահարած Վահեն իր հասակակից ընկերներին հորդորում է երբեք չհիասթափվել ու նկարել միայն անկեղծ. «Շատ երիտասարդներ կան, ովքեր ուզում են նկարել, ավարտում են ուսումը, բայց կողքից լսում են, թե դրանով փող չես աշխատի ու դադարում են նկարել: Եթե նման տրամաբանությամբ շարժվենք, ոչ մի բան էլ չենք կարող անել:Մի՛ հանձնվեք ու նկարեք այն, ինչ զգում եք եւ ուզում»: