Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Վերնիսաժ»-ի գործով մեղադրանքը կփոխվի՞

Հասարակություն
unnamed3

Մայիսի 17-ին Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանի պաշտպան Երեմ Սարգսյանը դիմել է ՀՀ Գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանին՝ սպանության փորձի մեղադրանքը վերացնելու համար։ «Մեղադրանքն անհիմն է, եւ խնդրել ենք վերացնել»,- «Ա1+»-ին ասաց պաշտպան Երեմ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ գործը դեռ գտնվում է նախաքննության փուլում, եւ իր պաշտպանյալի ու գործով անցնող մյուս անձանց միջեւ առերեսում տեղի չի ունեցել։ Իսկ գործով անցնող մյուս մեղադրյալ Ներես Մելքոնյանի պաշտպան Վարդուհի Էլբակյանն էլ տեղեկացրեց, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել իր պաշտպանյալի կալանքի ժամկետը եւս 2 ամսով երկարացնելու վերաբերյալ։ Ներսես Մելքոնյանը գտնվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի բուժմասում։ Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Վերնիսաժի մոտ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանը, վիճաբանության մեջ էր մտել Ներսես Մելքոնյանի եւ Վալերի Հովհաննիսյանի հետ։ Վիճաբանությունից ծագած կրակոցների արդյունքում վիրավորվել էր 5 անձ՝ Վալերի Հովհաննիսյանն ու նրա ընկերը՝ Ներսես Մելքոնյանը, նաեւ պատահական անցորդներ։ Գոռ Առաքելյանը, Վալերի Հովհաննիսյանը եւ Ներսես Մելքոնյանը գտնվում են անազատության մեջ։