Էդ. Շարմազանովը չցանկացավ մեկնաբանել Սուրիկ Խաչատրյանի նշանակումը
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը չի պատրաստվում քննարկել կամ մեկնաբանել Կառավարության կադրային որոշումները եւ մասնավորապես, թե ինչու Սյունիքի մարզպետ կրկին նշանակվեց Սուրիկ Խաչատրյանը: Նրա համոզմամբ` ընդամենը պետք է հետեւել, որպեսզի բոլոր մարզպետները նորմալ աշխատեն, իսկ թե Սուրիկ Խաչատրյանի հարցը քննարկվել է, թե ոչ ՀՀԿ խորհրդի նիստում, ինքը տեղյակ չէ` երկրից բացակայել է: Այն դիտարկմանը, թե Սուրեն Խաչատրյանի անունը կապվում է քրեական գործերի եւ մասնավորապես Ավետիք Բուդաղյանի սպանության հետ, պարոն Շարմազանովը պատասխանեց. «Այդ քրեական գործերի հետ կապված կան դատական ատյաններ, հարցերն ուղղեք նրանց: Ես իրավաբան կամ փաստաբան, կամ դատախազ չեմ եւ գտնում եմ, որ այդ հարցերի պատասխանը պետք է տա դատարանը: Իսկ դատարանը, որքան ես տեղյակ եմ, որեւէ մեղադրական եզրակացություն չի տվել: Իհարկե, կարող են լինել տարբեր ընկալումներ մեր հասարակության մեջ, դրա համար ես ասացի` կառավարության կադրային ցանկացած որոշում կոռեկտ չեմ համարում որպես ԱԺ փոխնախագահ` քննարկել եւ գնահատականներ տալ»: