«Մի քայլ աջ, մի քայլ ձախ եւ կրակոց». Ինչ են ուզում շրջանառության հարկով (տեսանյութ)
«Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխություններից փոքր եւ միջին բիզնեսի որեւէ ներկայացուցիչ չի կարող գլուխ հանել։ «Եթե ժողովրդի լեզվով ասենք մի քայլ աջ, մի քայլ ձախ եւ կրակոց։ Առանց հաշվապահի ոչ մի միկրոբիզնեսի ներկայացուցիչ հնարավոր չէ գլուխ հանի»,- ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական ընկերության ղեկավար Սեդրակ Ասատրյանը։ Սա է պատճառն, ըստ նրա, որ փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիները չեն ցանկանում աշխատել 1 տոկոս շրջանառության հարկով։ Մինչդեռ դա արտոնություն է թվում առաջին հայացքից. «Մարդիկ շնորհակալ են, տատիկս ասում էր՝ քամին մարագին ասում է՝ դուռդ բաց դարման բերեմ, ասում է՝ շնորհակալ եմ, ոչ բեր, ոչ տար, մոտավորապես այդ սկզբունքով է»։ ՓՄՁ միության նախագահ Ստեփան Ասլանյան այսօր Մեդիա Կենտրոնում կազմակերպված քննարկման ժամանակ հիշեցրեց՝ տնտեսվարողները հարկային տեսուչների այցելությունից հետո են իմացել նոր օրենքի մասին. «Կոպիտ ձեւով ներխուժում են տոնավաճառներ, սրան -նրան հրմշտելով, թե արագ գնացեք, գույքագրեք։ Սա միտված է խոշոր ձեռներեցներին դեպի ստվեր քողարկելուն։ Խոշոր բիզնեսն այսօր էլ չի պատրաստվում փաստաթուղթ տրամադրել»։ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը համոզված է, գույքագրման հետաձգումը ժամանակավոր դադար է. «Հենց որ դա կգա ԱԺ, ոչ իշխանական ուժերը միահամուռ այդպիսի կարծիք ունեն՝լուծում տալու, եւ անպայման արվելու է դա»։ Հիշեցնենք, որ Կառավարությունը երեկ «Շրջանառության հարկի մասին» օրենքի փոփոխությունների կիրառումը հետաձգել է մինչեւ 2015թ փետրվարի 1-ը։