Պատգամավորներին զարմացնում է Արտաշես Գեղամյանի լավատեսությունը
ՀՀԿ պատգամավոր Արտաշես Գեղամյանն այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովում պատմում էր ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության իրենց գործունեության մասին: Որպես պատվիրակության ղեկավար պարոն Գեղամյանը ներկայացրեց, թե ինչ սուր հարցադրումներով է հանդես եկել ու ինչ տպավորություն են թողել իր ելույթները եվրոպացիների վրա: Նա մասնավորապես անդրադարձավ ԵՏՄ ՀՀ անդամակցության վերաբերյալ եվրոպացիների վերաբերմունքին՝ նշելով, որ նախկին բացասական վերաբերմունքն այլեւս չկա: ՀՀԿ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի հարցը վերաբերում էր ԼՂՀ-ին ու Ադրբեջանի ագրեսիվ քայլերին: Ըստ նրա՝ միջազգային կառույցներում հայկական պատվիրակությունը պետք է փոխի իր ռազմավարությունն ու ինքը նախահարձակ լինի, այլ ոչ թե միայն պատասխանող ադրբեջանական ագրեսիային: Արտաշես Գեղամյանը համոզմունք հայտնեց, որ Ադրբեջանը երբեք չի անդամակցելու ԵՏՄ-ին, եւ այդ առումով մենք, անդամակցելով ԵՏՄ-ին, հավելյալ խնդիրներ չենք ունենա. «ՌԴ-ն եւ Ադրբեջանն իրենց առեւտրի մեջ բարդ թնջուկի մեջ են հայտնվել: Պետք է անել ամեն ինչ, որ ՌԴ-ն համոզվի՝ Ադրբեջանի հետաքրքրությունները նույն սայլում են, ինչ Թուրքիայինն են»: Պատգամավորներին զարմացրեց Արտաշես Գեղամյանի նման լավատեսությունը, եւ նրանք խնդրեցին ժամանակից առաջ չանցնել: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը նիստի վերջում նշեց, որ իրենց հաջորդ նիստը տեղի է ունենալու ԼՂՀ-ում: