Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նյու Յորքի համալսարանի ուսանողուհու ծրագիրը Սյունիքում (տեսանյութ)

Հասարակություն
honey

Նյու Յորքի համալսարանի ուսանողուհի Լիա Սուրենյանի նախաձեռնած եւ Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) աջակցությամբ իրականացված «Դեպի էկո համայնք» ծրագրի շրջանակներում, այս տարվա մայիս ամսին Սյունիքի մարզի Լիճք համայնքին տրամադրվեց թվով 42 մեղվաընտանիք: 7 ընտանիքներ ստացան 6-ական մեղվափեթակներ եւ մեղվապահությամբ զբաղվելու համար անհրաժեշտ պարագաներ: Այժմ գյուղացիներն արդեն ստացել են իրենց առաջին մեղրը, եւ կարող ենք ասել, որ մեր ծրագրի առաջին եւ կարեւորագույն փուլն ավարտված է: Հմուտ մեղվապահի օգնությամբ եւ անմիջական վերահսկողությամբ, այդ ընտանիքների մի մասն առաջին անգամ սկսեց զբաղվել մեղվապահությամբ եւ ձեռք բերեց անհրաժեշտ գիտելիքներն ու հմտությունները: Համաձայն «Դեպի էկո համայնք» ծրագրի պայմանների՝ մեղրաքամից հետո յուրաքանչյուր գյուղացի իր ստացած մեղրի 10 տոկոսը նվիրաբերում է ստեղծված համայնքային ֆոնդին, որից հետո որոշվում է՝ ինչպես տնօրինել ստացված գումարը: Չնայած տարին խիստ անբերանպաստ էր, եւ մեղրի քանակը սպասվածից շատ ավելի քիչ, ծրագրում ներգրավված գյուղացիները միաձայն կողմ քվեարկեցին իրենց ստացած մեղրի 10 տոկոսը հատկացնել համայնքային ֆոնդին: Քվեարկությամբ որոշվեց նաեւ, որ հավաքված գումարով դպրոցի երեխաների համար կգնվի մարզական գույք՝ գնդակներ, վոլեյբոլի ցանց, թենիս խաղալու պարագաներ եւ այլն: Այսօրինակ ծրագրերը ոչ միայն կարող են գյուղացիներին վերադարձնել իրենց հող ու ջրի հետ աշխատանքին եւ ապահովել մշտական ու բավարար եկամուտ՝ առանց վնասելու շրջակա միջավայրը, այլեւ կարող են վերականգնել իրար օգնելու եւ միասին որոշումներ կայացնելու մշակույթը մեր գյուղական համայնքներում: Շատ շատերը պատրաստակամորեն օգնեցին նաեւ սացված արդյունքն իրացնելու գործում, եւ դրա շնորհիվ մեղրն արդեն իսկ ամբողջությամբ սպառված է: Փորձը ցույց տվեց, որ արտադրված գյուղմթերքի սպառման խնդիրը, որին միշտ բախվում են հեռավոր գյուղերի բնակիչները՝ նույնպես լուծելի է: Կոչ ենք անում բոլորին հայ գյուղացուն օգնություն ցուցաբերելիս ծրագիրն իրականացնել ինքնուրույն՝ տեղում ծանոթանալով համայնքների բնակիչների հետ, որոշելով, թե ինչ կարիքներ ունեն գյուղերը եւ ըստ այդմ՝ կազմել ու իրագործել համայնքների հզորացման ծրագրեր: Ցավոք, բազմաթիվ են օրինակները, երբ Հայաստանից դուրս ապրող հայերը, ցանկանալով օգնել հայ գյուղացուն, ապավինում են տարբեր հիմնադրամների եւ ֆոնդերի, եւ անձամբ չեն մասնակցում ծրագրի իրականացմանը, ինչի արդյունքում ցանկալի արդյունք չտեսնելով՝ նրանք, ի վերջո, հիասթափվում են եւ այլեւս փորձ չեն կատարում՝ օգնելու Հայաստանում ապրող իրենց հայրենակիցներին: Ոչ մեկին մեղադրել պետք չէ: Պարզապես թույլ մի տվեք, որպեսզի շահագործեն ձեզ: Եկեք Հայաստան եւ հետեւեք, թե ինչպես են ծախսվում ձեր փոխանցած գումարները: Դուրս եկեք օգնություն ցույց տալու «ավանդական» ձեւերից եւ հատկապես ուշադիր եղեք կառավարության կողմից վերահսկվող հիմնադրամներին գումար հատկացնելուց, քանի որ, չնչին օգնություն բերելով՝ դրանք, ի վերջո, ծառայում են ներկա կոռումպացված համակարգի ամրացմանն ու օլիգարխիայի հզորացմանը: Հիշեցնում ենք, որ հատկապես խոցելի են այն գյուղական համայնքները, որտեղ սպասվում են հանքարդյունաբերական ծրագրեր, քանի որ, գյուղացին, չունենալով գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորություն եւ պետական աջակցություն, հարկադրված է լինում թողնել իր հողը եւ աշխատել հանքարդյունաբերական ընկերությունների համար: Աշխարհասփյուռ հայության մեջ վստահաբար կան երիտասարդներ, ինչպես Լիա Սուրենյանն է, որոնք սովորում են ամենատարբեր համալսարաններում եւ ուսումնական ծրագրի շրջանակներում իրականացնում են տարբեր նախագծեր: Ոչինչ չի խանգարում մեր հայ երիտասարդներին ծրագրեր ընտրելիս դրանք կապել Հայաստանի հետ եւ իրենց բաժին օգնությունը բերել Հայաստան: Սա նաեւ կարող է դառնալ Հայաստան-Սփյուռք կապերի ամրացման լավագույն եւ ամենաարդյունավետ ձեւերից մեկը: Դիտեք նաեւ տեսանյութը