Մերոնք մասնակցել են «Թբիլիսոբա»-ին
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հրավերով հոկտեմբերի 24-ից 27-ը այցելել է Վրաստանի մայրաքաղաք և մասնակցել քաղաքի օրվան նվիրված տոնակատարություններին՝ «Թբիլիսոբա»-ին: Այցի շրջանակում պատվիրակության անդամները հանդիպել են Թբիլիսիի քաղաքապետ Դավիթ Նարմանիայի հետ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորելով քաղաքի օրվա կապակցությամբ և փոխանցելով քաղաքին ու բնակիչներին ուղղված բարեմաղթանքները՝ Դավիթ Օհանյանը շնորհակալություն է հայտնել հրավերի և ջերմ ընդունելության համար: Կարևորելով երկկողմ բարեկամական կապերը գործակցային դաշտում ընդլայնելու և զարգացնելու անհրաժեշտությունը՝ քաղաքապետի տեղակալը մեկ անգամ ևս վերահաստատել է Երևանի քաղաքապետի դիրքորոշումն ու պատրասատակամությունն այս հարցում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև «Երևանի և Թբիլիսիի միջև համագործակցության մասին» համաձայնագրի վերակնքման հարցը, ինչպես նաև անդրադարձել Երևանի պուրակում հայ-վրացական բարեկամության խաչքարի տեղադրման հարցին: Թբիլիսիի օրվան նվիրված միջոցառումների մասնակցելու նպատակով Վրաստանի մայրաքաղաք կատարած այցի ընթացքում երևանյան պատվիրակությունը Սուրբ Էջմիածին եկեղեցում մասնակցել է Սուրբ պատարագի, այնուհետ այցելել եկեղեցուն կից գործող կրթամշակութային կենտրոն, ծանոթացել ստեղծված պայմաններին և հետաքրքրվել երեխաների առօրյայի կազմակերպմամբ: Պատվիրակությունը այցելել է նաև Խոջիվանքի պանթեոն, ծաղիկներ խոնարհել և հարգանքի տուրք մատուցել այստեղ հանգչող հայ մեծերի հիշատակին: Երեւանի քաղաքապետարան