Պտուղ-բանջարեղենի արտահանումը նվազել է (տեսանյութ)
«Նոյեմբերի 7-ի դրությամբ ամբողջ հանրապետության տարածքում մթերվել է 230.600 տոննա խաղող»,-այս մասին հայտնել է Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ ներկայացնելով գյուղատնտեսական տարվա մթերման և արտահանման ցուցանիշները։ Պտուղ-բանջարեղենի արտահանումն, ի դեպ, նվազել է՝ կազմելով 40 հազար 244 տոննա, բայց տեղում մթերման գներն աճել են։ Արտահանվել է 1790 տոննա ծիրան։ Մթերող ընկերությունների կողմից էլ հիմնականում ժամանակին են կատարվել վճարումները։ Ռոբերտ Մակարյանի խոսքով՝ դրանք արվել են տեղում կամ մինչև 10 օրվա ընթացքում։ Գյուղմթերքի տոնավաճառները մայրաքաղաքում շարունակվելու են։ Գյուղատնտեսության փոխնախարարի տեղեկացմամբ՝ միայն Կասյան փողոցում 5000 գյուղացի բերել, իրացրել է իր ապրանքն անցած տասն ամիսների ընթացքում, Սարյան փողոցում՝ 3000։ Գյուղատնտեսության ոլորտում փոփոխություններ են սպասվում։ Առաջիկայում նոր միավորումներ են ստեղծվելու, օրինակ՝ կաթ արտադրողների և այլն։ Օրեր առաջ արդեն ստեղծվել է մսամթերք արտադրողներինը։ Նշենք նաև, որ երկրում, ընդհանուր առմամբ 340 հազար գյուղական տնտեսություն ունենք։