Արա Գյուլերի հարցազրույցը Ermenihaber-ին
Ստամբուլի աչքը , սիրտն ու հումորը . . . Արա Գյուլեր - Հիմա հարցում պիտի ընես ես էլ պիտի ըսե՞մ… - Չէ, ուղղակի զրուցենք: Այնքան հարց ունեմ Ձեզ տալու. Ո՞ր մեկը տամ, ավելի լավ է պարզապես զրուցենք: -Ես վիժուալ հիսթըրի (visual history) գրած եմ, գիտե՞ս: -Հա գիտեմ, 800.000 նկար ունեք: -Ի՞նչ կխոսիս, երկու միլիոն: Պատը վտանգավոր բան մըն է, պատը կբաժնե, մարդիկները կբաժնե: - Երկու միլիոն կադրի մեջ կա՞ Ձեզ համար մեկը՝ յուրահատուկը: -Իմ պատկերս (ծիծաղում է): Ամենն էլ ինձ համար կարևոր են, չոփչի նկարն է կարևոր (չոփչի - թրք. աղբահավաք): Ինձ համար մարդիկ են կարևոր: Ես մարդոց նկարները կքաշեմ, ես սինարի, (scenery – անգլ. տեսարան) չեմ քաշեր գոր: Եթե նույնիսկ տեսարան կա, տեսարանին մեջ մարդուն ներկայությունը կա: Ամեն բան մարդոց համար շինված է, ամբողջ օդանավները մարդոց համար շինված են, կերակուրներն ամբողջ մարդոց համար կշիվի գոր, տները, պատերը… (լռում է) Պատը վատ բան է: Պատը մարկության սխալներեն մեկն է.. Պատը վտանգավոր բան մըն է, (լռում է) պատը կբաժնե, մարդիկները կբաժնե: - Աշխարհի տարբեր ծայրերում եղել եք, ի՞նչն է Ձեզ ամեն անգամ Ստամբուլ հետ բերել, ի՞նչ կա Ստամբուլում, որ ուրիշ տեղ չկա: - Հոս իմ տունս է: - Ստամբուլ ասելիս առաջին կադրը, որ գալիս է աչքիս առաջ, Ձեր ձկնորսների լուսանկարն է: - Հա, ձկնորսներուն նկարը: Հայեր են, գիտե՞ս, առաջին ձկնորսները հայեր են եղել: - Իսկ ի՞նչ կադր է Ձեր աչքի առաջ գալիս: - Տունս կուգա, ընկերներս կուգան, սիրածս կինը կուգա: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս… - Հիշու՞մ եք Ձեր առաջին սիրուն: - Ես միշտ եմ սիրահարված: Ես կըրնամ ծառին ալ սիրահարվել, գույնին էլ, փողոցին էլ, լույսի շողին էլ: Աշխարհում կարևոր բան մը՝ կա, սեր կա: Մարդ չգիտե երբ պիտի սիրահարվե, երբ սիրե: Կյանքը պատահականություն մըն է: Աշխարհիս մեջ մեծ ու իսկական սեր կա, կհավատա՞ս - Չգիտեմ: - Կա, կա.. - Իսկ հայուհու սիրահարվե՞լ եք երբևէ: - Այ այդ մեկը պատահած չէ: -Ստամբուլից հետո ձեր սիրած քաղա՞քը: - Փարիզը: - Սիրո քաղաքը: - Սեր ամեն տեղ ալ կա, ամեն տեղ էլ կանաչը, կանաչ է, կապույտը՝ կապույտ: - Հայաստան էիք գնացել վերջերս, այնտեղ նկարներ արեցի՞ք: - Ավելի շուտ էլ Հայաստան գացած էի, ամբողջ եկեցեղիներու նկարները քաշած եմ: -Եկեցեղի ասացիք հիշեցի, ես Երևանից Ձեզ շոկոլադ եմ բերել՝ եկեղեցու նկարով: Սա Սևանի եկեղեցին է: - Հա գիտեմ գոր: - Սա էլ Տաթևը, եղե՞լ եք այս եկեղեցում: -Չեմ եղեր: - Աշխարհում ամենագեղեցիկն է, ինձ համար համենայնդեպս: Նշանավոր հայերի եք նկարել, Վիլյամ Սարոյան, Արամ Խաչատրյան: -Արամ Խաչատրյանին հետ ռեպորտաժ ընելը շատ դժվար էր: Մարդը հայերեն անգամ չիդե: Ես ալ Գրողների միություն գացած էի անոր նկարելու համար: Լույսերը միացնել ուզեցա, սխալ բան մը ըրեցա ողջ շենքին լույսերը հանգեցավ: (ծիծաղում է:) - Եղե՞լ է պահ, երբ զգացել եք, որ հոգնել եք ու ուզում եք այլ բանով զբաղվել: - Ոչ ջանըմ, ի՞նչ կխոսիս, երբեք չեմ հոգնել: Պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է: - Հիշու՞մ եք ձեր կյանքի ամենաերջանիկ օրը: - Հա, կնոջս սիրելու օրը: Սիրահար ըլլալը աշխարհին ամենալավ բանն է: - Ի՞նչ է հայրենիքը Ձեզ համար: (ճռճռացնելով բացում է հայկական շոկոլադը) -Հայրենիքը... ես այստեղ ծնած եմ, մարդ իր ծնած տեղը կուզե մեռնել, գիտես: Բան մըն էլ կա. տես ես փողոցով կը քայլեմ գոր, պատուհանեն գեղեցիկ աղջիկ մը նայեցավ ես սիրահարվեցա, ադ աղջիկը իմ հայրենիքս է. -Այդքան մարդկանց եք նկարել, չե՞ք ուզել որ մի օր էլ Ձեզ նման տաղանդավոր մեկը Ձեզ նկարի: -Նկարել են ինձ: - Հավանու՞մ եք: (ուսերն է թոթվում) Մակագրում է իր գիրքը նվիրում ինձ: -Հաճախ արի , երեկոները միշտ հոս եմ: -Կգամ, անպայման կգամ: Վերցնում եմ գիրքն ու հեռանում մեր լսած, բայց չտեսած պատմության ականատեսից, 2 միլիոն կադրով պատմություն կերտած հանճարեղ ծերունուց… Արա Գյուլերն աշխարհահռչակ պոլսահայ լուսանկարիչ-լրագրող է։ Հաճախ նրան դիմում են «Ստամբուլի աչք» կամ «Ստամբուլի լուսանկարիչ» մականուններով։ Ծնվել է Ստամբուլ քաղաքում հայկական ընտանիքում։ «Դարի լավագույն լուսանկարիչ» տիտղոսակիր Գյուլերը լուսանկարել է այնպիսի աշխարհահռչակ մեծերի, ինչպիսիք են Բերտրանդ Ռասելը, Ուինսթոն Չերչիլը, Մարկ Շագալը, Ալֆրեդ Հիչքոքը, Թենեսի Ուիլյամսը, Պաբլո Պիկասոն, Սալվադոր Դալին, Վիլյամ Սարոյանը, Սերգեյ Փարաջանովը և այլք: Նրա լուսանկարչական աշխատանքները գտնվում են աշխարհի մի շարք թանգարաններում, մասնավոր եւ ազգային հավաքածուներում: Աստղիկ Իգիթյան/ Ստամբուլ