Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Շրջանառության հարկը պետք է աներկբա իջեցնել 1 տոկոսի»

Պաշտոնական
aj8

Խորհրդարանը  քննարկել  է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է օրենքի 12-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ, ըստ որի՝ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը չի տարածվում սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչեւ 2015 թվականի փետրվարի 1-ը ընկած ժամանակահատվածում որեւէ օրվա դրությամբ առկա ապրանքային մնացորդի վրա, որի մասին հարկ վճարողները մինչեւ 2015 թ փետրվարի 1-ը իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձեւի տեղեկանք: Օրենքի նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն են ներկայացրել ԱԺ պատգամավորները: Հովհաննես Մարգարյանն արդարացի է համարել շրջանառության հարկ վճարողների դժգոհությունը, քանի որ այդ ոլորտում ի հայտ են եկել բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ խնդիրներ: Նա առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որում կներգրավվեն ոլորտի ներկայացուցիչներ եւ կուսումնասիրվեն մտահոգիչ խնդիրները: Պատգամավոր Լեւոն Դոխոլյանի կարծիքով՝ պետք է փաստաթղթաշրջանառության ենթարկվեն ոչ թե փոքր եւ միջին ձեռնարկությունները, այլեւ՝ խոշորները: Նրա կարծիքով՝ օրենքի նախագծի մշակման ժամանակ հաշվի չի առնվել մասնագետների կարծիքը: Օրենքի նախագծով, ըստ նրա, դրական ոչինչ չի առաջարկվում, այլ խնդիրը ժամանակավորապես սառեցվում է: Իշխան Խաչատրյանի կարծիքով էլ՝ օրենքի նախագծով կարծես կրճատվում է ստվերը, սակայն բարեփոխումները միայն թվացյալ են: Արամ Մանուկյանը նշել է, որ հետաձգմանը կողմ է, սակայն դրանով խնդիրը չի լուծվում, եւ մի քանի ամիս անց կրկին նույն իրավիճակն է առաջանալու: Անդրադառնալով նախագծի բովանդակությանը՝ նա նշել է, որ օրենքն անորոշություն է առաջացնում: Խոսրով Հարությունյանն իր ելույթում նշել է, որ կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր տնտեսական քաղաքականության, որի նպատակը նպաստավոր պայմաններ ստեղծելն է ձեռներեցության համար: Նա ողջունել է օրենքի նախագծի քննարկումը եւ նշել, որ շրջանառության հարկը պետք է աներկբա իջեցնել 1 տոկոսի: Էդմոն Մարուքյանն անդրադարձել է հագուստի վաճառքով զբաղվող առեւտրականներին, եւ նշել, որ օրենքի նախագիծը չի լուծելու նրանց խնդիրը: Պատգամավորն առաջարկել է նրանց համար սահմանել հաստատագրված վճարներ: Միքայել Մելքումյանը կարեւորել է օրենքի նախագծի քննարկումը, քանի որ այն, ըստ նրա, ստացել է հանրային հնչեղություն: Սակայն, պատգամավորի բնորոշմամբ, իրական իրավիճակը դեռեւս գնահատված չէ, եւ որոշումները մինչեւ վերջ դեռեւս հիմնավորված չեն: Հեղինե Բիշարյանը նշել է, որ օրինագիծը վերանայման կարիք ունի: Նրա գնահատմամբ՝ օրենքի գործողության ժամկետն արհեստականորեն մինչեւ փետրվարի 1-ը երկարաձգելով՝ ոչինչ չի փոխվելու ՓՄՁ-ների գործունեության մեջ: Տիկին Բիշարյանն անդրադարձել է կիլոգրամով ներմուծվող ապրանքների մաքսազերծման եւ փաստաղթավորման խնդիրներին: Լյուդմիլա Սարգսյանը կարծիք է հայտնել, որ օրենսդրական նախաձեռնությունը հստակեցման կարիք ունի եւ անդրադարձել է նախագծի խնդրահարույց կետերին: Նա նշել է, որ ՓՄՁ-ներին պետք է արտոնյալ կարգավիճակ շնորհել՝ կայանալու հնարավորություն տալով, այնուհետեւ նոր հարկային դաշտ մտցնել: Թեւան Պողոսյանի կարծիքով՝ պետք է խնդիրն առավել հանգամանորեն ուսումնասիրել: Նա խոսել է ստվերի առաջացման եւ փաստաթղթավորման խնդիրների մասին: ԲՀԿ խմբակցության տեսակետը ներկայացրել է Միքայել Մելքումյանը: Նա նշել է, որ խմբակցությունը դեմ չէ ապրանքներ ձեռք բերելու պարտադիր փաստաթղթավորման պահանջը մինչեւ 2015 թ. փետրվարի 1-ը հետաձգելուն՝ միեւնույն ժամանակ գտնելով, որ դա խնդրի լուծման համալիր տարբերակ չէ: Պարոն Մելքումյանն ընդգծել է նաեւ, որ իրենք կարեւորում են որոշակի փուլում կամավորության սկզբունքի կիրառումը, շրջանառության հարկի շեմը 58.35 մլն. դրամից մինչեւ 150 մլն. դրամ բարձրացնելը: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի գնահատմամբ՝ օրենսդրական փոփոխության նպատակը բոլոր տնտեսվարող սուբյեկտների համար հարկային դաշտում աշխատելու մշակույթի ձեւավորումն է: Նա ողջունելի է համարել պարտադիր փաստաթղթավորման պահանջի հետաձգումը՝ այդ ժամանակահատվածում ՓՄՁ ոլորտի խնդիրները եւ իրավիճակը հասկանալու համար: Խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն կողմ է քվեարկելու կառավարության առաջարկին:   Եզրափակիչ ելույթում ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանը նշել է, որ խնդիրը լայնորեն քննարկվել է փոքր եւ միջին ձեռնարկատիրության սուբյեկտների շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նրա խոսքով՝ կառավարությունը, հաշվի առնելով մանր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների առաջադրած խնդիրները, ապրանքային մնացորդների գույքագրման ժամանակահատվածը հետաձգել է: Պարոն Միրումյանն անդրադարձել է պատգամավորների մտահոգություններին ու առաջարկներին, շնորհակալություն է հայտնել շահագրգիռ քննարկումների համար եւ համագործակցության պատրաստակամություն հայտնել: Առաջին ընթերցմամբ պատգամավորները քննարկել են «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշել է, որ օրենքի նախագծի նպատակն է ապահովել ավելի արդյունավետ կառավարման համակարգ: Առաջարկվում է ՀՀ կառավարության կառուցվածքից հանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը եւ միացնել ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը: Կառավարությունն առաջարկում է ստեղծել նոր՝ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարություն: Նախագծի վերաբերյալ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի անդամ Արփինե Հովհաննիսյանը: Նա տեղեկացրել է, որ երկու նախարարությունները միավորելով, նրանց կառուցվածքներում փոփոխություններ չեն նախատեսվում: Բացի այդ՝ միավորվող նախարարությունները հետագայում եւս իրականացնելու են իրենց վերապահված գործառույթները: Մասնավորապես, նախատեսվում է, որ նորաստեղծ ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարարության աշխատակազմի թիվը մեծ չի լինելու: Նախագծի վերաբերյալ իրենց տեսակետներն ու դիրքորոշումները ներկայացրին պատգամավորները: Մհեր Շահգելդյանն անհրաժեշտ է համարել միավորվող նախարարությունների պատասխանատվության չափի հստակեցումը: Թեւան Պողոսյանի կարծիքով, անհրաժեշտ է նախագիծը լրամշակել՝ հաշվի առնելով պատգամավորների հարցադրումները: Նա առաջարկել է հիմնավորել, թե ինչու է անհրաժեշտ ստեղծել նոր նախարարություն: Հարցի քննարկումը կշարունակվի ԱԺ նոյեմբերի 11-ի նիստում: ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն