Նախարարը կհանդիպի Կոնդի եւ Ֆիրդուսի բնակիչների հետ
Նոյեմբերի 17-ին կայացած աշխատանքային խորհրդակցության ընթացքում ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն անդրադարձել է քաղաքաշինության բնագավառի մի շարք հրատապ հարցերի, որոնց լուծմամբ համակարգում առկա շատ խնդիրներ կկանոնակարգվեն: Նախարարն անդրադարձել է «Հայսեյսմշին» ԳՊ ԳՀԻ ԲԲ ընկերության եւ «Ճարտարապետության եւ շինարարության Հայաստանի ազգային համալսարանի համագործակցության անհրաժեշտությանը՝ գիտատեխնիկական բնագավառում, սեյսմամեկուսացման եղանակով գոյություն ունեցող շենքերի սեյսմազինվածության բարձրացման եւ այս համատեքստում հանրապետությունում եւ հատկապես մայրաքաղաքում առկա մանսարդների կանոնակարգմանը: Խորհրդակցության ընթացքում կարեւորելով Հայաստանում քաղաքաշինական անվտանգության հայեցակարգի ձեւավորումը՝ նախարար Սարգսյանը նշել է, որ հայեցակարգը մշակելիս Հայաստանը եւ Արցախը հարկ է դիտարկել քաղաքաշինական միասնական նախագծի մշակման համատեքստում համատեղ՝ մշակման աշխատանքներին մասնակից դարձնելով «Հայնախագիծ» ՓԲ ընկերության մասնագետներին: Նախարարը հանձնարարել է համապատասխան ստորաբաժանումներին առաջիկայում նախապատրաստել նախարարի հերթական հանդիպում Կոնդի եւ 33 թաղամասի` Ֆիրդուսի իրացման տարածքների բնակիչների հետ: Անդրադարձ եղավ հանրապետությունում գործող մշակութային օբյեկտները հաշմանդամություն ունեցող անձանց հարմարեցնելու խնդրի վերաբերյալ քաղաքաշինության եւ մշակույթի նախարարությունների, ինչպես եւ՝ այս բնագավառի հ/կ-ների հետ արդեն իսկ սկսված համագործակցությանը, հանդիպում-քննարկումների կազմակերպմանը: Ավելացնենք, որ Լոռու մարզ կատարվելիք առաջիկա այցելության ընթացքում նախարարության աշխատանքային խումբը քննարկում-խորհրդակցություն կանցկացնի աղետի գոտու բնակապահովման ծրագրերի վերաբերյալ: