Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լեւոն Արոնյանը այդպես էլ չգտավ հաղթելու ուղին

Սպորտ
levon-aronyan

Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ոչ-ոքի ավարտեց գերմանական Բադեն-Բադենում մեկնարկած շախմատային մրցաշարի առաջին պարտիան:   Հայաստանի ուժեղագույն շախմատիստը սպիտակներով մրցեց աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ: Լեւոն Արոնյանը վատ չսկսեց պարտիան եւ միջնախաղում դիրքային առավելություն ստացավ: Նորվեգացի շախմատիստը հիմնականում զբաղված էր թագավորի պաշտպանությամբ:   Սեւերի 38-րդ քայլից հետո, ըստ համակարգչի հաշվարկման, սպիտակները ճնշումն ուժեղացնելու լավ հնարավորություն ունեին, սակայն Լեւոն Արոնյանը համեմատաբար թույլ տարբերակ ընտրեց եւ Մագնուս Կառլսենին հաջողվեց հավասարացնել դիրքը:   Ճիշտ է, մեր շախմատիստը սկսեց հաղթելու նոր ուղիներ փնտրել: Արդյունքում պարտիան տեւեց մոտ 6 ժամ, սակայն 64-րդ քայլից հետո Լեւոն Արոնյանը ստիպված խաղաղ դաշն կնքեց:   Այդպիսով, մրցաշարի առաջին տուրի բոլոր հանդիպումներն էլ ոչ-ոքի ավարտվեցին, սակայն դրանցից ամենամարտականն արձանագրվեց Արոնյան – Կառլսեն պարտիայում:   Երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կմրցի Վրաստանի ներկայացուցիչ Դավիթ Բարամիձեի հետ, որն 1-ին տուրում ոչ-ոքի խաղաց ֆրանսիացի Էտյեն Բակրոյի հետ: