«Ականատես» դիտորդական առաքելության նախնական ամփոփումը՝ 13։00-ի դրությամբ
Աջակցիր «Ա1+»-ինԺամը 13։00-ի դրությամբ «Ականատես» դիտորդական առաքելության 43 շրջիկ խմբերը դիտարկում են իրականացրել 233 ընտրատեղամասում։
Դիտորդների հաղորդումների նախնական ամփոփմամբ՝ 75 ընտրատեղամասում արձանագրվել է 117 խնդիրների և հնարավոր ընտրախախտումների վերաբերյալ գրանցում։
Արձանագրված հիմնական խնդիրներն են՝ Ընտրատեղամասերի մատչելիություն․ 51 տեղամասում արձանագրվել են մատչելիության խոչընդոտներ։ Դրանցից 48-ում առկա են ֆիզիկական կամ հենաշարժողական, իսկ 14-ում՝ տեսողության խնդիրներ ունեցող ընտրողների համար դժվարամատչելի պայմաններ։
Դրանցից 6-ում արձանագրվել են քվեարկության գաղտնիությունը վտանգող կահավորման խնդիրներ։ Ընտանեկան քվեարկություն․ 4 տեղամասում՝ Բյուրավանում (12/27), Կաթնաղբյուրում (25/13), Կապսում (32/21) և Խնածախում (34/29), արձանագրվել են ընտանեկան քվեարկության դեպքերի վերաբերյալ հաղորդումներ։ Ազատեկի 36/34 տեղամասում նշվել է նաև ընտրողին օգնելու սահմանված կարգի ենթադրյալ խախտում։ Կուտակումներ և հնարավոր վերահսկողություն․ 13 տեղամասի հարակից տարածքներում նկատվել են մարդկանց կամ մեքենաների կուտակումներ։ Երազգավորսի 32/20 և Հրազդանի 26/27 տեղամասում արձանագրվել են նաև ընտրողների նկատմամբ ենթադրյալ հնարավոր վերահսկողություն։ Այլ խնդիրներ․ 3 տեղամասում արձանագրվել է կողմնակի անձանց ներկայություն, ևս 3-ում՝ քարոզչական նյութերի առկայություն։ Արձանագրվել են նաև ընտրական ցուցակների փակցման և քվեարկության կազմակերպման հետ կապված ընթացակարգային խնդիրներ։ Դիտարկումների նախնական արդյունքներով առավել տարածված են ընտրատեղամասերի մատչելիության խնդիրները։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի նաև քվեարկության գաղտնիության և ընտրողների նկատմամբ հնարավոր վերահսկողության վերաբերյալ հաղորդումները։ «Ականատես» դիտորդական առաքելությունը շարունակում է քվեարկության ընթացքի դիտարկումը, ստացված տեղեկությունների ստուգումը և արձանագրված դեպքերի փաստագրումը։ Ներկայացված տվյալները նախնական են և կարող են ճշգրտվել հետագա ստուգումների արդյունքում։
«ԱԿԱՆԱՏԵՍ» ԴԻՏՈՐԴԱԿԱՆ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ