Գործազուրկների թիվն աճել է (տեսանյութ)
Գործազուրկների թիվը երկրում չի նվազում, դա են փաստում թվերը։ Այս տարվա հունվարի 1-ի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 72.600՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը 12,2 տոկոսով։ Գործազուրկների թվում բարձրագույն և հետբուհական կրթություն ունեցողները կազմում են 14,3 տոկոս, միջին մասնագիտական կրթություն ունեցողները՝ 20,4 տոկոս։ Ընդ որում, մասնագիտական կրթություն ունեցողների մեջ մեծ թիվ են կազմում ճարտարագետները, մանկավարժները, բուժքույրերը, տեխնիկները, ֆինանսիստները և տնտեսագետները։ Գործազուրկների մեծ մասը 30-ից 44 տարեկան է, քիչ չեն նաև երիտասարդները, կազմում են գործազուրկների ընդհանուր թվի 23,7 տոկոսը։ Նախորդ տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 11.495 աշխատանք փնտրող, որից 7093-ը՝ կանայք են։ «Տարվա ընթացքում գործակալություն է ներկայացվել 24.081 թափուր աշխատատեղ»,-նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Զբաղվածության պետական գործակալության պետ Արտակ Մանգասարյանը։ Նրա խոսքով՝ գործակալության կողմից իրականացվում է աշխատանք փնտրողների մասնագիտական ուսուցման կազմակերպում։ 2014-ին այդ ծրագրում ընդգրկված է եղել 1591 անձ, այս տարի նախատեսվում է ընդգրկել 1700-ի։ Մեկ այլ ծրագրով աշխատանքային փորձ ձեռք բերելու համար աջակցություն է տրամադրվում գործազուրկներին՝ գործատուին պատրաստի կադրեր տրամադրելու նպատակով։ Զբաղվածության պետական գործակալության պետը նշել է նաև, որ գործազուրկների՝ աշխատանք չունենալու հիմնական պատճառներն են նրանց պասիվությունը և աշխատավարձերի ցածր լինելը։ Իսկ աշխատաշուկայում բարձրագույն կրթությամբ մասնագետներից շարունակում են պահանջված մնալ բժիշկները, ծրագրավորողները, ճարտարագետները, հաշվապահները, մենեջերները և սպասարկման ոլորտի աշխատողները։